Գլխավոր լուսանկարը՝ Ազգային ժողովի
Մենք տարբեր առիթներով հայտարարել ենք․ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռևս 1991 թվականին՝ Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծման մասին որոշումը, որտեղ կողմերը իրար տարածքային ամբողջականությունն ամբողջությամբ ճանաչում են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ից Հայաստանին ներկայացված առաջարկների փաթեթին, մասնավորպես՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին։
«Եվ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքների նկատմամբ որևէ հավակնություն չունի և երբևէ չի ունեցել։ Եվ առհասարակ Արցախի հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել Հայաստանի համար, այլ առաջին հերթին և միայն Արցախի բնակչության՝ իրենց հողում և իրենց ծննդավայրում ապրելու իրավունքի իրացումն է»,-նշել է Աղաջանյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից որևէ նոր առաջարկ Հայաստանի կողմից չկա։
Հարցին՝ այսինքն համաձա՞յն եք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Աղաջանյանը պատասխանեց․ «Մենք կարծում ենք, որ դա՝ որպես նախապայման, նույնիսկ իմաստ չունի առաջադրել Հայաստանի առաջ, որովհետև դա արդեն կայացած փաստ է»։
Իսկ հարցին, թե ինչ տարածքներ նկատի ունի, երբ ասում է, որ Հայաստանը նկրտումներ չունի Ադրբեջանի տարածքների նկատմամբ, պատասխանեց․ «Խոսքը Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված հինգ կետերից մեկն է։ Դրա վերաբերյալ Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է, մասնավորապես՝ որ արդեն իսկ այդ գործընթացն իրականացված փաստ է»։
Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Աղաջանյանը պատասխանեց․ «Մեր դիրքորոշումն այդ դիտարկմանը ևս արձագանքում է և փակում է հարցը հետևյալ համատեքստում․ Արցախի տարածքը մենք երբևէ․․․ Կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտում չի ունեցել, և խոսքը Արցախի հայ բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի մասին է»։
Նրա խոսքով՝ կոնֆլիկտի համատեքստը՝ սկսած 1990-ականներից, սա է եղել։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի, Աղաջանյանը պատասխանեց․ «Դա, ես կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։
Իսկ ճշտող հարցին, թե արդյոք երբ ասում է, որ Հայաստանն Արդբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, նկատի ունի Արցախն էլ Արդեջանի կազմո՞ւմ, Աղաջանյանը պատասխանեց․ «Ես նկատի ունեմ, որ Արցախը, ես կուզեի՝ այդ հարցերը տարանջատեինք այնուամենայնիվ։ Որպեսզի տարընթերցում չլինի, ուզում եմ շատ հստակ տարանջատենք երկու բան․ գոյություն ունի Արդբեջանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, որի ամբողջականությունը Հայաստանը ճանաչել է դեռևս 90-ականների սկզբին։ Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ՝ ԼՂԻՄ տարածք, որը դեռևս Սովետական ժամանակներից ունեցել է որոշակի ինքնավարություն։ Եվ խնդիրը ի հայտ է եկել այս տարածքում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ ազգային պատկանելիությունից բխող կոնկրետ գործողությունների հետևանքով»։
Աղաջանյանի խոսքով՝ դա վերածվել է լայնամասշտաբ պատերազմի, և դրա հետևանքները մենք ապրում ենք այսօր։
comment.count (0)