tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ֆոնին, ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ», գրում է CNN-ը:
Հայտնի է, որ Բայդենն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ՝ նա ռազմական հանցագործ է»,-ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
Հարցին, թե արդյո՞ք Պուտինը ռազմական հանցագործ է, Բայդենը նախ պատասխանել է «ոչ»։ Հետո նա վերադարձել է լրագրողների խմբի մոտ՝ պարզաբանելու, թե իրեն ինչի մասին են հարցրել։ Կրկին հարցին՝ արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել։
Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անընդունելի է անվանել Բայդենի խոսքերը։
«Մենք անընդունելի և աններելի ենք համարում պետության ղեկավարի նման հռետորաբանությունը, որի ռումբերն ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել», - ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտում է որպես ռազմական հանցագործ։ Փաստաթուղթը, որը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։ Սենատը խստորեն դատապարտել է Պուտինի օրոք ռուսական զինված ուժերի կողմից իրականացված «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները»։
comment.count (0)