Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Կամիլովը երկրի Մեջլիսում ելույթի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Այս մասին հաղորդում է gazeta.uz-ը։
«Նախ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում Ուզբեկստանում։ Երկրորդ՝ մենք կողմ ենք այս իրավիճակին խաղաղ լուծում գտնելու և հակամարտությունը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն։ Բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բռնությունները»,- ասել է Աբդուլազիզ Կամիլովը։
Նա նշել է, որ Ուզբեկստանը պատմականորեն ավանդական համակողմանի կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ․ «Այս երկու երկրների հետ մենք շարունակելու ենք փոխշահավետ համագործակցությունը՝ ելնելով մեր ազգային շահերից։ Մի կողմից Ռուսաստանը Ուզբեկստանի առևտրային առումով առաջատար գործընկերն է, մենք նրա հետ ունենք ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ։ Մյուս կողմից՝ մենք Ուկրաինայի հետ համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, մշակութային, կրթական, գյուղատնտեսական ոլորտներում»,- ընդգծել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այս դժվարին օրերին իրենք անպայման հումանիտար օգնություն կտրամադրեն Ուկրաինային։
«Ուզբեկստանը ճանաչում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Մենք չճանաչեցինք Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները»,- ընդգծել է արտգործնախարարը։
Աբդուլազիզ Կամիլովը հիշեցրել է, որ արտաքին քաղաքականության հայեցակարգի համաձայն՝ Ուզբեկստանը չի մասնակցում ռազմաքաղաքական որևէ դաշինքի, և երկրի զինվորականները ներգրավված չեն արտերկրում ռազմական հակամարտությունների մեջ։
comment.count (0)