Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը ուղղված չէ այդ երկրի պետականության ոչնչացմանը կամ նախագահին տապալելուն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Եվս մեկ անգամ շեշտեմ այն, ինչ չեն ուզում տեսնել ոչ արևմտյան լրատվամիջոցները, ոչ էլ նույնիսկ արևմտյան վերնախավը․ այս հատուկ գործողությունը ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ, այն նպատակ չունի զավթել երկրի տարածքը, ոչնչացնել պետականությունը, տապալել գործող նախագահին։ Մենք նորից ենք կրկնում դա»,-ասել է նա։
Զախարովան հավելել է, որ «արևմտյան լրատվամիջոցները տեղի ունեցողի վերաբերյալ խեղաթյուրված պատկեր են ներկայացնում»։
Նա ընդգծել է, որ Արևմուտքը անտեսում է Դոնբասում խաղաղ բնակիչների նկատմամբ «վայրագությունները»։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները Մարիուպոլում տեղի ունեցածը փորձում են վերագրել ռուս զինվորականներին․ «Բնականաբար, Կիևի ռեժիմը Մարիուպոլում տեղի ունեցածի, մասնավորապես դրամատիկական շենքի ռմբակոծման մեղքը փորձեց բարդել ռուս զինվորականների վրա։ Սա սուտ է, ռուսական զինված ուժերը չեն ռմբակոծում քաղաքները, որքան էլ ՆԱՏՕ-ի կառույցներում տեսահոլովակներ ու ֆոտոկեղծիքներ նետվեն, ճշմարտությունը ի հայտ կգա»։
Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի «Կիևի ռեժիմի հանցագործությունները անպատիժ չմնան»։
Նա նաև նշել է, որ ուկրաինացի «նացիոնալիստները» հրաժարվել են խաղաղ բնակչությանը հումանիտար միջանցքներ տրամադրել դեպի Ռուսաստան։
comment.count (0)