Արևմուտքը պետք է ապահովի, որ «այլևս երբեք խոցելի չի լինի Պուտինի շանտաժների առաջ». Բորիս Ջոնսոն
14:47 - 17 մարտի, 2022

Արևմուտքը պետք է ապահովի, որ «այլևս երբեք խոցելի չի լինի Պուտինի շանտաժների առաջ». Բորիս Ջոնսոն

Ուկրաինան «վճարում է այն բանի գինը», որ Արևմուտքը չի կարողացել հասկանալ Վլադիմիր Պուտինից եկող սպառնալիքը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Բորիս Ջոնսոնն ասել է, որ Ռուսաստանի նախագահի «ներխուժումն արդեն ձախողվել է», քանի որ նա թերագնահատել է Ուկրաինայում «դիմադրության ուժը»:
 
Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցողից՝ Ջոնսոնն ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինն այնտեղ «ռազմական հանցագործություններ է կատարում»։
 
Ջոնսոնը նաև մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք «սկսել են կրկին Պուտինին վերաբերվել որպես իրենց համայնքի մի մասի»՝ 2014 թվականին «Ղրիմի բռնակցումից հետո»։
 
Բորիս Ջոնսոնը, որն այցելել էր Սաուդյան Արաբիա՝ քննարկելու էներգետիկ անվտանգություն, BBC-ին ասել է՝ Արևմուտքը պետք է ապահովի, որ «այլևս երբեք խոցելի չի լինի Պուտինի շանտաժների առաջ», հատկապես երբ խոսքը վերաբերում է ռուսական նավթին և գազին ապավինելուն:

Իր ուղևորության ընթացքում Ջոնսոնը հանդիպել էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն  Մուհամեդ բին Սալմանին՝ ռուսական նավթից և գազից կախվածությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների նպատակով։

Դրանից հետո վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան համաձայնել են համագործակցել էներգիայի շուկայում կայունությունը պահպանելու և վերականգնվող էներգիայի աղբյուրները խթանելու ուղղությամբ:

Ջոնսոնը հարցազրույցի ընթացքում ասել է, որ նախատեսում է ուշադրություն դարձնել արևային, քամու և միջուկային էներգիային՝ «մի քանի մեծ խաղադրույքներ կատարելու նպատալով», սակայն կարճաժամկետ լուծումներ նույնպես անհրաժեշտ են:

«Մեծ Բրիտանիան Սաուդյան Արաբիայի հետ պատմական և երկարատև հարաբերություններ ունի,- ասել է Բորիս Ջոնսոնն ու հավելել,- Դա ոչ մի կերպ չպետք է խանգարի մեզ բարձրացնել մարդու իրավունքների հարցերը [Սաուդյան Արաբիայում]»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել