Ռուսաստանի ՊՆ-ն Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական նախագծերի ֆինանսավորման ապացույցեր է  հրապարակել
22:39 - 17 մարտի, 2022

Ռուսաստանի ՊՆ-ն Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական նախագծերի ֆինանսավորման ապացույցեր է հրապարակել

Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրիչներ են ստեղծվել։ Այս մասին հաղորդել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ցուցադրել է 2015 թ-ի մարտի 6-ի փաստաթուղթ, որն իր պնդմամբ, «հաստատում է Պենտագոնի անմիջական մասնակցությունն Ուկրաինայում ռազմակենսաբանական նախագծերի ֆինանսավորմանը»։

Կիրիլովը նշել է, որ, «ըստ ստեղծված պրակտիկայի, երրորդ, այդ թվում՝ Աֆրիկայի և Ասիայի երկրների տարածքում սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում ամերիկյան նախագծերը ֆինանսավորվում են առողաջապահական ազգային մարմինների միջոցով»։

«Պատահական չէ, որ նշված լաբորատորիաներն ընտրվել են ԱՄՆ ՊՆ սպառնալիքի նվազեցման վարչության և «Բլեք էնդ վիչ» կապալառու ընկերության կողմից՝ որպես Յու-Փի-8 նախագծի կատարողներ, որն ուղղված է Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի, լեպտոսպիրոզի և հանտավիրուսի հարուցիչների ուսումնասիրմանը», - նշել է Կիրիլովը։

Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ ԱՄՆ ռազմական կենսաբանների հետաքրքրությունը կապված է այն բանի հետ, որ այս պաթոգենները բնական օջախներ ունեն և Ուկրաինայոմ, և Ռուսաստանում։ «Դրանց կիրառումը կարող է քողարկվել հիվանդությունների բնական բռնկումների միջոցով։ Հենց այդ պատճառով է այս նախագիծը լրացուցիչ ֆինանսավորում ստացել, իսկ իրականացման ժամկետները՝ երկարաձգվել», - կարծում է Կիրիլովը։

Ֆինանսավորում

Կիրիլովը նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության լաբորատորիաները Կիևում, Օդեսայում, Լվովում և Խարկովում $32 մլն ֆինանսավորում են ստացել ԱՄՆ-ից։

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ համատեղ կենսաբանական գործունեության մասին համաձայնագիրը կնքված է ԱՄՆ ռազմական գերատեսչության և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև։ Սակայն դրամական միջոցների իրական ստացողներն Ուկրաինայի ՊՆ լաբորատորիաներն են Կիևում, Օդեսայում, Լվովում և Խարկովում։ Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է $32 մլն», - ասել է նա։

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ն $1,6 մլն ներդրում է արել չղջիկների միջոցով մարդուն հիվանդությունների փոխանցման ուսումնասիրության մեջ։

«Պ-781 նախագծի այն հատվածի փաստաթղթերի ուսումնասիրությունը, որը վերաբերում է չղջիկներից մարդուն հիվանդությունների փոխանցման ուղիներին, ցույց է տվել, որ աշխատանքներն իրականացվել են Խարկովի լաբորատորիայի հիմքի վրա՝ Թբիլիսիի սկանդալային համբավ ունեցող Լուգարայի կենտրոնի հետ համատեղ։ Ուկրաինայում և Վրաստանում դրա իրականացման վրա Պենտագոնի ընդհանուր ծախսերը կազմել են $1,6 մլն, որի մեծ մասը ստացել է Ուկրաինան՝ որպես հիմնական կատարող», - ասել է Կիրիլովը։

Տվյալների հրապարակում

Կիրիլովը հավելել է, որ ԱՄՆ-ն արգելում է այլ երկրներում ռազմակենսաբանական աշխատանքի մասին տվյալների հրապարակումը։

«Ռուսաստանի դաշնությունը բազմիցս կոչ է արել հրապարակել երրորդ երկրների տարածքում Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեության մասին տվյալները, սակայն հավաքական Արևմուտքն՝ ԱՄՆ գլխավորությամբ, հետևողականորեն արգելափակում է այս նախաձեռնությունը՝ նախընտրելով ուրիշների ձեռքերով հետազոտություններ անցկացնել՝ շրջանցելով միջազգային պարտավորությունները», - ասել է նա։

Կիրիլովի պնդմամբ՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան 2016 թ-ից միտումնավոր կերպով միջազգային հաշվետվություններում ոչինչ չեն նշել իրականացվող կենսաբանական նախագծերի մասին։

Նյութերի ոչնչացում

Իգոր Կիրիլովն ասել է, որ ուկրաինական լաբորատորիաները «շարունակում են ոչնչացնել կենսանյութերն ու վտանգավոր վարակների հետազոտության մասին փաստաթղթերը»։

«Մեզ հայտնի է, որ Խլեբոդարսկ բնակավայրի անասնաբուժական լաբորատորիայում նյութերի ոչնչացման գործողությունների ժամանակ աշխատակիցներին (Ուկրաինայի քաղաքացիներ) նույնիսկ չի թույլատրվել շենք մտնել։ Այդ լաբորատորիան համագործակցել է Օդեսայում Մեչնիկովի անվան հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի հետ, որտեղ ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի, տուլյարեմիայի, արբովիրուսների հետազոտություններ են իրականացվում», - ասել է նա։

Բացի այդ, Կիրիլովի խոսքով, փասատթղթերի հրատապ ոչնչացում է տեղի ունեցել նաև Խերսոնի լաբորատորիայում։

«Այդ հրատապության պատճառներից մեկը կարող է լինել Խերսոնում 2018 թ-ին մոծակների միջոցով փոխանցվող դիրոֆիլյարիոզի բռնկման դեպքի մասին տվյալները թաքցնելու ցանկությունը», - ասել է Կիրիլովը՝ հավելելով, որ այս բռնկման փաստագրական վկայություններ Խերսոնի լաբորատորիայում չեն հայտնաբերվել;

 

Կենսաբանական նմուշների տեղափոխում

Ռուսաստանի ԶՈւ-ն պնդում է, որ փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են Ուկրաինայից երրորդ երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Վրաստան, կենսաբանական նմուշների փոխանցումը։

«Ձեզ ենք ներկայացնում փաստաթղթերը, որոնք հաստատում են Ուկրաինայի քաղաքացիների արյան 5 հազար նմուշների տեղափոխումը Պենտագոնի հետ կապված Լուգարայի լաբորատորիա Թբիլիսում, 773 կենսաբանական նմուշ փոխանցվել է Մեծ Բրիտանիայի ռեֆերենս լաբորատորիա։ Համաձայնագիր է ստորագրվել Գերմանիայի Լեֆլերի ինստիտուտ անսահմանափակ քանակով ինֆեկցիոն նյութեր ուղարկելու մասին», - ասել է Կիրիլովը։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել