ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս հանել Ուկրաինայից
10:04 - 18 մարտի, 2022

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս հանել Ուկրաինայից

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս հանել Ուկրաինայից։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության պաշտոնական կայքից։

«ԱՀԿ Գլխավոր տնօրենից լսեցինք, որ Ռուսաստանի կողմից հարձակման է ենթարկվել 43 հիվանդանոց և առողջապահական հաստատություն: AP-ի լրագրողներն աշխարհին ցույց տվեցին Մարիուպոլում գտնվող զանգվածային գերեզմանը՝ փոքրիկ խրամատ՝ լցված երեխաների մարմիններով»,- ասել է նա:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմի նետած ռումբը հարվածել է Մարիուպոլի թատրոնին, որտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են թաքնված եղել։

«Թատրոնի դրսի հատվածում՝ և՛ դիմացից, և՛ հետևից ռուսերեն մեծ, սպիտակ տառերով գրված է եղել «երեխաներ» բառը, որը կարելի էր տեսնել երկնքից: Ռուսական ուժերն, այնուամենայնիվ, ռմբակոծեցին այն»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։

«Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ում հումանիտար ճգնաժամը լուծելու լավագույն միջոցը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևն է: Գլխավոր ասամբլեայի բանաձևը կարտացոլի ՄԱԿ անդամ երկրների ճնշող մեծամասնության և հենց Ուկրաինայի տեսակետները»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել