Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինված խմբավորումները, ՌԴ ԶՈՒ աջակցությամբ «ազատագրել են» հանրապետության տարածքի 90%-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Հանրապետության տարածքի ավելի քան 90%-ը ազատագրվել է ԼԺՀ-ի կողմից՝ ՌԴ ԶՈՒ կրակային աջակցությամբ։ Ներկայումս Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները Ռուբիժնե ազատագրված բնակավայրի հարավային ծայրամասերում ոչնչացնում են նացիոնալիստների խմբերը»,- ասել է Կոնաշենկովը։
Նա նաև հայտարարել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները, որոնց աջակցում են ռուսական ուժերը, սեղմում են Մարիուպոլի շրջափակման օղակը և քաղաքի կենտրոնում կռվում են «նացիոնալիստների» դեմ։
Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է «հաջող» հարձակումը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հյուսիսային ուղղությամբ։ «Մեկ օրում վերահսկողություն է սահմանվել Զոլոտայա Նիվա, Նովոդոնեցկոե, Նովոմայորսկոյե և Պրեչիստովկա բնակավայրերի վրա, օրվա առաջխաղացումը կազմել է 16 կմ»,- ասել է նա։
comment.count (0)