armenpress.am: Եվրոպայի նախկին եւ գործող քաղաքական գործիչները եւ Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել 2022 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությամբ: Այդ մասին վկայում է nobelprizeforukraine կայքում հրապարակված նամակը:
Ուղերձի հեղինակները Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին կոչ են արել վերանայել թեկնածուների առաջադրման ընթացակարգը, քանի որ փաստորեն հայտեր ներկայացնելու ժամկետն արդեն լրացել է: «Մենք կոմիտեին ենք դիմում Խաղաղության Նոբելյան մրցանակի անվանակարգի արարողությունը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկարացնելու խնդրանքով, որպեսզի թույլ տրվի նախագահ Զելենսկուն եւ Ուկրաինայի ժողովրդին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի»,-ասվում է ուղերձում:
Ինչպես հաղորդել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի մամուլի ծառայությունը, այս տարի պարգեւին հավակնում է 251 մասնավոր անձ եւ 92 կազմակերպություն: 2021 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել են ռուսաստանցի լրագրող եւ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը եւ ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսան:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խոսքով, Զելենսկին մերժել է Դոնբասում խաղաղությունը վերականգնելու քայլային պլանը, որը նախատեսում էր հաշտության համաձայնագրի ստորագրում, Դոնբասի վերականգնման միջազգային հիմնադրամի ստեղծում եւ արդյունքում՝ տարածաշրջանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական վերաինտեգրումն Ուկրաինայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
comment.count (0)