«Українська правда»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների, ՌԴ դեմ սանկցիաների, երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման և այլ հարցրեի մասին։
Կուլեբան նշել է, որ ԱՄՆ-ի հետ միասին իրենք «ստիպել են» Եվրոպային դեռ անցյալ տարի նախապատրաստել ՌԴ դեմ պատժամիջոցները, այդ պատճառով էլ, երբ պատերազմը սկսվեց, դրանք արդեն պատրաստ էին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան նաև դիվանագիտական մեծ աշխատանք է տարել, որ ռուսական բանկերն անջատվեն SWIFT համակարգից։
Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի հետ վերջին հանդիպմանը՝ Կուլեբան նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հաջողվել է երկրորդ փորձից Լավրովին համոզել, որ այն կայանա։
Կուլեբան նշել է, որ ինքը հարցազրույցից առաջ հանդիպել է Չավուշօղլուի հետ։
«Նա (Չավուշօղլուն- խմբ․) նախօրեին Մոսկվայում էր և ասաց, որ տեսնում է այս հանդիպումները շարունակելու հնարավորություն։ Ես ասացի, որ պատրաստ եմ հանդիպելու Լավրովի հետ։ Գլխավորն այն է, որ նա այդ հանդիպումներին գա լուծումներ փնտրելու, այլ ոչ թե պարզապես խոսելու և կրկնելու ռուսական քարոզչության դասական նարատիվները»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Լրագրողը Կուլեբային հարցրել է, թե արդյոք իրական պատմություն էր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագրի սևագիր տարբերակը, որը հրապարակել էր «Financial Times»՝ իր երեք անանուն աղբյուրներին հղումով։ Լրագրողը հիշեցրել է, որ համաձայն այդ փաստաթղթի՝ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց։
«Չգիտեմ, թե կոնկրետ ով է եղել «Financial Times»-ի աղբյուրը, բայց նրանց հրապարակածն, ըստ էության, Ռուսաստանի պահանջներն են։ Դա տեղի է ունեցել ոչ թե իմ և Լավրովի հանդիպման ժամանակ, այլ, այսպես կոչված, բելառուսական բանակությունների ընթացքում։ Ռուսաստանը եկել է, փաստաթղթերը դրել և ասել՝ սրանք են մեր պահանջները։ Մեր պատվիրակությունը վերցրել է այդ փաստաթուղթը, սկսել ուսումնասիրել ու հակափաստարկներ բերել»,- պատասխանել է Կուլեբան։
Կուլեբայի խոսքով՝ պատերազմն ավարտելու համար ահնրաժեշտ է համաձայնագիր, և ուկրաինական դիվանագիտությունն անում է ամեն բան, որ այդ համաձայնագիրը հնարավորինս շահավետ լինի Ուկրաինայի համար։
Խոսելով Եվրամիության և ՆԱՏՕ-ի մասին՝ Կուլեբան նշել է, որ ԵՄ հարցում Ուկրաինայի համար բացառություններ են եղել․ եթե մինչև պատերազմը հնարավոր չէր լինի այդքան արագ անդամակցության գործընթաց սկսել, ապա պատերազմի պայմաններում դա հնարավոր է։ Նախարարի խոսքով՝ նույն բանը չի կարելի ասել ՆԱՏՕ-ի մասին․ «Մենք պետք է խելամտորեն կշռադատենք մեր երկրի շահերը։ ԵՄ-ն շրջանցեց իր շահերը՝ անհնարինը հնարավոր դարձնելով, ՆԱՏՕ-ն՝ ոչ։ Այսպիսով, միգուցե ժամանա՞կն է, որ մենք մտածենք այս մասին»:
Խոսլեով ԵՄ-ին անդամակցության արագացված գործընթացի մասին՝ Կուլեբան նշել է, որ կլինեն որոշ երկրներ, որոնց կփորձեն խուսափել այդ պատմությունից, և նման երկրներից մեկն էլ Գերմանիան է։
Կուլեբան խոսել է նաև այն մասին, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ, ինչիսիք են, օրինակ, ՆԱՏՕ-ում գոյություն ունեցող երաշխիքները։
«Այսինքն, եթե ինչ-որ մեկը հարձակվի մեզ վրա, ուրիշները պարտավորվեն այս կամ այն կերպ պաշտպանել մեզ․․․Բայց միայն Ռուսաստանից նման երաշխիքներ պահանջելը մեր կողմից խելագարություն կլինի։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպիսին է Ռուսաստանը»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք կողմերը մոտ են համաձայնագիր ստորագրելուն, Կուլեբան նշել է, որ առջևում դեռ շատ աշխատանք կա։ Իսկ Զելենսկու և Պուտինի միջև հանդիպում, Կուլեբայի խոսքով, տեղի կունենա թեկուզ հենց վաղը, եթե Պուտինը պատրաստակամություն ցուցաբերի։
comment.count (0)