Հերթական ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփնինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բայդենը նրան ներկայացրել է այն հետևանքները, որոնք կհաջորդեն Չինաստանի՝ ՌԴ-ին նյութական օգնություն ցուցաբերելուն։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած հաղորդագրությունից։
Ի պատասխան լրագրողի արձագանքի, թե արդյո՞ք Բայդենը Ծինփինին ուղիղ հարցրել է ՌԴ-ին օգնելու մտադրության մասին՝ Փսակին նշել է․ «Կարծում եմ՝ հստակեցնելով հետևանքները, մենք նաև հստակեցրել ենք, որ չենք ցանկանում՝ նրանք այդպես վարվեն (աջակցեն ՌԴ-ին- խմբ․)»։
Հարցին, թե նախագահների հեռախոսազրույցից հետո ԱՄՆ-ն շարունակո՞ւմ է մտահոգություններ ունենալ՝ Փսակին պատասխանել է․ «Մենք կշարունակենք հետևել, մինչև տեսնենք, թե ինչ գործողություններ նրանք (Չինաստանը- խմբ․) կանեն կամ չեն անի»։
Ավելի վաղ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ Բայդենը մոտ երկու ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել Սի Ծինփինի հետ։
«Խոսակցությունն ուղիղ էր, առարկայական և մանրամասն։ Երկու առաջնորդները ժամանակի գերակշռող մասը ծախսել են՝ քննարկելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչպես նաև այդ ճգնաժամի հետևանքները ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա։ Նախագահ Բայդենը հստակեցրել է Ռուսաստանին նյութական աջակցություն ցուցաբերելու հետևանքները ոչ միայն Միացյալ Նահանգների հետ Չինաստանի հարաբերությունների, այլև ողջ աշխարհի համար»,- հայտնել են Սպիտակ տնից:
comment.count (0)