ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը կմեկնի Լեհաստան՝ քննարկելու «միջազգային արձագանքը՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը, որի պատճառով հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ է առաջացել»։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։
Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Բայդենն այսօր զրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ քննարկելու «իրենց համակարգված պատասխանները՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեմ»։
Հինգշաբթի օրն էլ Բայդենը մասնակցելու է Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ արտակարգ գագաթնաժողովին, ինչպես նաև G7-ի հանդիպմանը։ Նա նաև կմիանա Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին։
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հայտարարել էր, որ Բայդենը չի պլանավորում գնալ Ուկրաինա Եվրոպա այցի ընթացքում:
comment.count (0)