Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ Մարիուպոլը հանձնելու մասին խոսք լինել չի կարող
14:40 - 21 մարտի, 2022

Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ Մարիուպոլը հանձնելու մասին խոսք լինել չի կարող

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Մարիուպոլը հանձնելու մասին խոսք լինել չի կարող։ Այս հայտարարությանը նախորդել էր ռուսական կողմի առաջարկը։

Ռուսաստանի Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը երեկ հայտնել էր՝ ռուսական կողմն առաջարկել է, որ երկու կողմերն այսօր հայտարարեն լիակատար լռության ռեժիմ և երաշխավորեն դրա խստագույն պահպանումը.

Ըստ առաջարկի՝ լռության ռեժիմի փաստացի սկիզբը պետք է ազդարարեին Մարիուպոլ քաղաքի գլխավոր մուտքերի մոտ բարձրացող դրոշները․ ռուսական կողմը պետք է բարձրացներ կարմիր դրոշ, ուկրաինականը՝ սպիտակ։

«Քաղաքից կազմակերպված ելք է կազմակերպվում հետևյալ հաջորդականությամբ. առավոտյան ժամը 10-ից մինչև 12-ը, առանց բացառության, Ուկրաինայի բոլոր զինված ստորաբաժանումները և օտարերկրյա վարձկանները՝ առանց զենքի ու զինամթերքի, Ուկրաինայի հետ համաձայնեցված երթուղիով դուրս են գալիս քաղաքից»,- ասել է նա։

Դրանից հետո պլանավորվում էր բացել մարդասիրական միջանցքը։

Ուկրաինայի փոխվարչապետը, պատասխանելով «Українська правда»-ի հարցին, նշել է․ «Այնտեղ (ռուսական կողմի առաջարկում- խմբ․) 8 էջ կա։ Նրանք նմանատիպ նամակ են ուղարկել ՄԱԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և հույս ունեին, որ միջազգային կառույցները կարձագանքեն և կսկսեն ճնշում գործադրել Ուկրաինայի վրա։ Սա տեղի չունեցավ։ ԿԽՄԿ-ն և ՄԱԿ-ը հասկանում են, որ սա ռուսական մանիպուլյացիա է, և որ սա նշանակում է մարդկանց պատանդ վերցնել»:

Նա նշել է, որ զենքերը վայր դնելու մասին խոսք լինել չի կարող, և իրենք այդ մասին արդեն տեղեկացրել են ռուսական կողմին․ «Մենք տեղեկացրել ենք ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին։ Այժմ սպասում ենք միջազգային հանրության արձագանքին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել