Զելենսկին վստահ է՝ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները
10:47 - 22 մարտի, 2022

Զելենսկին վստահ է՝ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՆԱՏՕ-ում Ուկրաինան ունի գործընկեր երկրներ, որոնք պատրաստ են դաշնակցային անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Այս մասին հայտնում է «Українська правда»-ն։

«Մեր անվտանգության որոշակի երաշխավորներ կան: Նրանք վաղը պետք է ասեն, որ Ուկրաինան տանում են ՆԱՏՕ, կամ էլ ասեն՝ մենք հիմա չենք վերցնում, ինչն իրականություն է։ Նրանք էլ են հասկանում, որ չեն ուզում կռվել Ռուսաստանի դեմ, դրա համար էլ հիմա չեն վերցնում (ՆԱՏՕ կազմ- խմբ․)»,- ասել է Զելենսկին։

Սակայն նրա խոսքով կան ՆԱՏՕ անդամ երկրներ, որոնք ցանկանում են լինել Ուկրանիայի անվտանգության երաշխավորը։ Ուկրաինայի նախագահի խոսքով այդ երկրները պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ ՆԱՏՕ-ն, եթե Ուկրաինան դաշինքի անդամ լիներ։

«Եվ ես կարծում եմ, որ սա նորմալ փոխզիջում է։ Դա փոխզիջում է բոլորի համար։ Փոխզիջում է Արևմուտքի համար, որը չգիտի, թե ինչ անել մեզ հետ ՆԱՏՕ հարցում, Ուկրաինայի համար, որը ցանկանում է անվտանգության երաշխիքներ, և Ռուսաստանի համար, որը չի ցանկանում՝ ՆԱՏՕ-ն ավելի տարածվի, և ասում է, որ պետք է Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ նման պայմանավորվածություններ ունենա։ Եվ ուրեմն, այս ամենում պետք է փոխզիջում գտնել, քանի որ դա է լինելու պատերազմն ավարտելու կետը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ այլ երկրներից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնության դեպքում անհրաժեշտ կլինի էական փոփոխություններ կատարել Ուկրաինայի Սահմանադրության և օրենսդրության մեջ։

Նա վստահ է, որ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները։ Նրա խոսքով ինքը ուկրաինական պատվիրակության անդամներին բացատրել է անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, և նրանք պետք է այդ դիրքորոշումը հասցնեն ռուսներին ու միջազգային հանրությանը։

Զելենսկին նաև վստահեցրել է, որ իրավական առումով Ռուսաստանի հետ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ ուկրաինական կողմը չի հանդուրժի որևէ վերջնագիր և անհիմն ձևակերպում, այդ թվում՝ «դենացիֆիկացիա» եզրույթը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել