Ռուս-ուկրաինական բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը BBC-ին տված հարցազրույցում խոսել է բանակցությունների ընթացքի, երկու երկրների նախագահների հանդիպման կարևորության, ՆԱՏՕ-ի և այլ հարցերի մասին։
Պոդոլյակը բանակցությունների հաջորդ փուլի կոնկրետ ժամկետներ չի նշել․ «Անընդհատ առցանց ձևաչափով բանակցություններ են ընթանում, կան բազմաթիվ խորհրդատվական խմբեր։ ․․․ Բանակցությունների կառուցվածքն իսկապես բարդ է։ Կա բանակցային խումբ, որին բոլորը գիտեն, և կան բազմաթիվ խմբեր, որոնք աշխատում են տարբեր ձևաչափերով։ Կան քաղաքական խորհրդականներ, որոնք միայն ռուս կամ ուկրաինացի չեն»։
Պոդոլյակի խոսքով՝ պատվիրակությունների միջև պայմանավորվածություն կա չքննարկելու բանակցային փաստաթղթի լինել/չլինելու հարցը, քանի դեռ կողմերի միջև հրապարակման ենթակա փոխզիջումային դիրքորոշումը չի համաձայնեցվել։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին և «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու հարցում Ուկրաինային չաջակցելուն՝ Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ իրենց կարծիքով ՆԱՏՕ-ն կարող էր ավելի ինտենսիվ գնահատել Ռուսաստանի գործողությունների ռիսկերը և ավելի ակտիվ միջամտել ցանկացած ձևաչափով․ «Եվ ոչ թե միայն հրապարակային հայտարարություններ անել այն մասին, որ Ուկրաինան դեռ չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ի վերջո, ցանկացած նման հայտարարություն խրախուսում է Ռուսաստանին ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ»։
Պոդոլյակի խոսքով ցանկացած սկզբունքային որոշում կարող է ընդունվել միայն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ժամանակ։
«Երբ աշխատանքային խմբերը բանակցային գործընթացի շրջանակներում որոշ նախնական փաստաթղթեր կմշակեն, և դրանք կփոխանցվեն նախագահներին, նրանք կգնահատեն՝ արդյո՞ք դա արդեն «ճանապարհային քարտեզ» է, որը կարելի է քննարկել դեմ առ դեմ։ Այդ ժամանկ այդ հանդիպումը (նախագահների միջև- խմբ․) կարող է կայանալ»,- ասել է Պոդոյլակը՝ կրկին ժամկետներ չնշելով։
comment.count (0)