Ռուսաստանից ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթի երկրորդ ալիքը է սպասվում ապրիլին․ երկիրը կլքի ոլորտի 70-100 հազար ներկայացուցիչ, կանխատեսում է Էլեկտրոնային կոմունիկացիաների ռուսական ասոցիացիայի (ԷԿՌԱ) ղեկավար Սերգեյ Պլուգոտարեկոն ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի նիստին։
«Առաջին ալիքը՝ 50-70 հազար մարդ արդել մեկնել է», - Պլուգոտարենկոյի խոսքերն է մեջերում ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ երկրորդ ալիքը զսպում են, այդ թվում, ավիատոմսերի բարձր գները Ռուսաստանում, արտասահմանում բնակարանների գների թանկացումն, ինչպես նաև արտասահման դրամական փոխանցումներ կատարելու հետ կապված բարդությունները։
«Բայց երկրորդ ալիք հաստատ լինելու է․ մեր կանխատեսմամբ՝ 70-100 հազար մարդ ապրիլին կլքի երկիրը։ Միայն ՏՏ մասնագետները», - կարծում է նա։
Պլուգոտարենկոն նշել է, որ ԷԿՌԱ-ն պատրաստ է մի շարք միջոցներ առաջարկել, որոնք կնպաստեն մասնագետների արտահոսքի կրճատմանը՝ ՏՏ արհմիությունների ստեղծում, հատուկ միջոցառումների անցկացում, որտեղ ՏՏ ոլորտի մասնագետները կարող են քննարկել ոլորտի խնդիրները, ՏՏ մասնագետների շրջանում տեղեկատվական արշավների անցկացում։
«Նրանց, ովքեր ուզում են մեկնել, այսպիսի առաջարկ անելու գաղափար է ծնվել․ ռելոկացիա իրականացրեք մի շարք երկրներում, որոնց հետ մենք համաձայնագրեր ունենք։ Օրինակ՝ դա Հայաստանն է, Ղազախստանը, Չինաստանը։ Եկեք մտածենք այս մասին, նրանց հետ պայմանավորվենք և ռելոկացիայի ճիշտ ու հասկանալի կանոններ առաջարկենք՝ պահպանելով հայրենիքի հետ կապերը», - հավելել է Պլուգոտարենկոն։
Նա նշել է նաև, որ անհրաժեշտ է միջազգային խաղացողներ դառնալ, քանի որ այժմ ՏՏ ոլորտի ընկերություններն ուժեղ չեն լինի, եթե պարփակվեն ռուսական շուկայում։ Պետք է մտածել միջազգային, այդ թվում՝ Արևելքի շուկաների մասին, կարծում է նա։
Էլեկտրոնային կոմունիկացիայի ռուսական ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է, որ միավորում է ռուսաստանյան առաջատար խոշոր էլեկտրատեխնիկական 150 ներկայացուցչական ընկերություն։
Նորա Վանյան
comment.count (0)