ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ արտակարգ գագաթնաժողովին, Մեծ յոթնյակի առաջնորդների հետ հանդիպմանը և ԵՄ առաջնորդներին ուղղված ելույթում Ջո Բայդենը հնարավորություն կունենա համակարգելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հաջորդ փուլը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
«Նա կաշխատի դաշնակիցների հետ արևելյան թևում ՆԱՏՕ ուժերի դիրքավորման ավելի երկարաժամկետ ճշգրտումների ուղղությամբ: Նա կհայտարարի եվրոպական էներգետիկ անվտանգության ամրապնդման և ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը վերջապես նվազեցնելու համատեղ գործողությունների մասին»,- նշել է Սալիվանը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Արևելյան Եվրոպայում կամ այլ վայրում ներկայումս կան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին, Սալիվանը նշել է․ «Ներկայումս չկան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին։ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չկան։ Իհարկե, կան ԱՄՆ զորքեր, որոնք պաշտպանում են ՆԱՏՕ տարածքը՝ ապահվելով, որ ռուսական ագրեսիան զսպող մեր դաշնակիցները վստահ լինեն»։
Սալիվանը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները առանցքային դեր է խաղում ոչ միայն Ուկրաինային ռազմական տեխնիկայի ուղղակի մատակարարման հարցում, այլ նաև իրենց դաշնակիցների կողմից ռազմական տեխնիկայի տրամադրման դյուրացման գործում:
comment.count (0)