Պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել, որ այն բացել-փակելը չդառնա ՀՀ-ի վրա ճնշումների գործիք Ադրբեջանի ձեռքին․ Անդրանիկ Քոչարյան
13:27 - 23 մարտի, 2022

Պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել, որ այն բացել-փակելը չդառնա ՀՀ-ի վրա ճնշումների գործիք Ադրբեջանի ձեռքին․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Պատասխանելով հարցին, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչ լծակներ ունի հումանիտար ճգնաժամը լուծելու հարցում՝ նա ասաց, որ դրա գործիքակազմերից մեկը միջազգային ճնշումներն են, բայց միայն ճնշումները բավարար չեն։

«Վերջին հաշվով պետք է նաև կարողանալ հակառակորդին համոզել, որ գազատարը պայթեցնելով՝ չի մոտեցնում այն հիմնարարա խնդիրների լուծմանը, որը կոչվում է խաղաղության բանաձև։ Դրա համար պետք է խոսել բոլոր հնարավոր մակարդակներում, նաև միջնորդների միջամտությամբ, նաև հրադադարի ռեժիմը պահող մեր ռազմավարական գործընկերոջ հնարավորությունների սահմաններում։ Դրանք համալիր ծրագրեր են։ Մի՛ մոռացեք որ 90-ականներին գազատարը պայթեցվում էր Վրաստանի տարածքում շաբաթը համարյա երեք անգամ։ Վերանորոգում էինք, էլի էին պայթեցնում։ Հետո գործողություններ իրականացվեցին հայկական կողմից, հասկացան, որ գազատարը պայթեցնելը որևէ հեռանակար չի ապահովում, առավելություն չի տալիս իրենց մարտական գործողությունների ընթացքում մեր նկատմամբ։ Ճանապարհը իր էվոլյուցիուն գծագիրն ունի»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը, հետո վերանորոգել, հետո հայտարարել, որ գազը կմատակարարվի, հետո նորից մատակարարումը դադարեցվեց։ Ըստ Քոչարյանի՝ դրա պատճառները պետք է հասկանալ երկխոսության միջոցով։

Անդրադառնալով Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ «ունեն բավարար հիմքեր՝ պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», պատգամավորն ասաց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է փականը․ «Այդ փականի վրա ազդեցության գործիքներ պետք է ձևավորենք, որի միջոցով այն կլինի ավելի բաց, ստատիկ վիճակում»։

Նրա խոսքով պետք է վերականգնենք ՀՀ ինքնիշխանությանը վերաբերող ողջ կորցրածը, որի միջոցով հակառակորդին կզրկենք իր լրացուցիչ հնարավորությունները մեզ վրա կիրառելուց։

Խոսելով հումանիտար խնդիրների մասին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ամբողջ աշխարհում կան հումանիտար խնդիրներ․ «Մեր հումանիտար խնդիրների լուծումները պետք է գտնենք մեր միջոցների էֆեկտիվ կառավարման և տնօրինման մեջ։ Էսպիսի իրավիճակներ՝ շատ ավելի ծանր, մենք ապրել ենք, անցել ենք մի օրվա հացով, առանց հոսանքի, առանց գազի։ Բայց մեր ժողովուրդն արժանապատվորեն իր խաչը տարել է և կերտել 94-ի հաղթանակը։ Ես չեմ ուզում վերադառնալ անցյալ, պետք է գնանք առաջ․ դրա համար պետք է հակառակորդին զրկել նման մտադրութուններից, և հումանիտար վիճակը լուծենք ներքին միջոցներով»։

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի այս գործողությունները ուղղված են Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ամեն ինչի մեջ կա իր տրամաբանությունը, սակայն պետք չէ վերլուծել, թե հակառակորդը ինչ է տեսնում իր գործողությունների մեջ։ «Հաստատ դա տեսնում է մեզ թուլացնելու ծրագրի մեջ։ Այսինքն՝ գազ, գազի հետ կապված հումանիտար խնդիր, դժգոհություններ, պրոյեկցիա իշխանությունների վրա և իշխանության թուլացման միջոցով նոր առաջարկներ ներկայացնել՝ ի նպաստ իրենց, որ մենք հայտնվենք անելանելի վիճակում և համաձայնենք առաջարկներին, որ ինքը կուզեր տեսնել վերջնակետում։ Եվ դրա համար մենք պետք է միակամ լինենք էս հարցերի մեջ»։ 

Այս համատեքստում Քոչարյանը որպես օրինակ հիշեցրեց այն շրջանը, երբ գերիների հարցը, իր խոսքով շահարկվում էր ընդդիմության կողմից, բայց երբ դրանք սառեցվեցին, սկսվեցին գերիների հանձնման պրոցեսները՝ օգտագործելով խաղաղարար երկխոսության գործիքները։ 

«Որ գազատարը բացել-փակելը Ադրբեջանի կողմից չդառնա ՀՀ վրա ճնշումների գործիք, մենք պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել»,- ընդգծեց ՔՊ խմբակցության պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել