Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել։ Զախարովան նաև պնդել է, որ Ռուսաստանն «ամեն օր հումանիտար միջանցքներ և բնակավայրերից մարդկանց տարհանում է կազմակերպում»։
«Բայց ԵՄ-ն ոչ մի կերպ ազդեցություն չի գործադրում Կիևի վրա, որ ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ բնակչության հետևում՝ օգտագործելով նրանց որպես «մարդկային վահան», և չարգելափակեն նրանց ելքը դեպի Ռուսաստան։ Ըստ երևույթին, ԵՄ-ի կողմից այս փաստերի ճանաչումը կարող է ոչնչացնել արևմտյան լրատվամիջոցներում ջանասիրաբար ստեղծված կեղծ «պատկերը», որը խեղաթյուրում է ռուսական հատուկ ռազմական գործողության իրական առաջադրանքներն ու մեթոդները»,- հայտարարել է Զախարովան։
Այս հայտարարությունը Զախարովան արել է՝ ի պատասխան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի ելույթի, որտեղ նա նշել էր․ «Համոզված եմ, որ Պուտինը փախստականներին օգտագործում է որպես գործիք, որպես զենք: Նրանք (ռուսական կողմը- խմբ․) չեն ոչնչացրել տրանսպորտային ենթակառուցվածքը. նրանք պարզապես ոչնչացնում են քաղաքները՝ սպիպելով, որ խաղաղ բնակիչները սարսափեն և փախչեն։ Մենք պատրաստ ենք օգնելու նրանց բոլորին»։
Բորելը ՌԴ-ին նաև մեղադրել էր Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։
comment.count (0)