Լուսանկարը՝ Reuters-ի
ՄԱԿ Անվտանգության խորհրդը մերժել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում պաշտպանելու Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն ու հասանելի դարձնելու հումանիտար օգնությունը, սակայն չէր հիշատակվում Մոսկվայի դերը ճգնաժամում, գրում է Reuters-ը։ Բանաձևին կողմ են քվեարկել միայն Ռուսաստանն ու Չինաստանը, Անվտանգության խորհրդի մյուս 13 անդամները ձեռնպահ են մնացել, դեմ քվեարկող չի եղել։
«Եթե Ռուսաստանին մտահոգեր հումանիտար իրավիճակը, նա չէր ռմբակոծի երեխաներին և կդադարեցներ պաշարման մարտավարությունը։ Բայց նա չի արել դա»,- հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը քվեարկությունից հետո։
Ռուսաստանը հերքում է քաղաքացիական անձանց թիրխավորման մեղադրանքը։
Բանաձևն ընդունելու համար Անվտանգության խորհրդին անհրաժեշտ է նվազագույնը ինը քվե և վետոյի բացակայություն Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ կողմից։ Նրանց, ովքեր ձեռնպահ են մնացել, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մեղադրել է «քաղաքական շարժառիթներով» առաջնորդվելու համար։
Մեկնաբանելով Չինաստանի դիրքորոշումը, որը բանաձևին կողմ էր քվեարկել, ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունն ասել է, որ Պեկինն անհապաղ հրադադարի «մեծ հույս ունի», սակայն, ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերից զատ Անվտանգության խորհուրդը պետք է նաև «արձագանքի հումանիտար ճգնաժամին՝ դրական, պրագմատիկ և կառուցողական ձևով»։
Նշենք, որ անցյալ շաբաթ Մոսկվան չեղարկել էր հումանիտար օգնության մասին նախագծի քվեարկությունն Անվտանգության խորհրդում՝ արևմտյան երկրներին մեղադրելով այս քայլի դեմ «աննախադեպ ճնշում գործադրելու» համար։ ԱՄՆ-ն հերքել էր Ռուսաստանի մեղադրանքները։
«Ուկրաինայում ընթացող պատերազմի համար մեղավոր է միայն Ռուսաստանը։ Իր գործողությունների մասին ճշմարտությունը հերքելու Ռուսաստանի երեսպաշտ փորձերը դատապարտված են ձախողման»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նորա Վանյան
comment.count (0)