Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle
14:20 - 24 մարտի, 2022

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Լուսանկարը՝ AFP/Իրպեն քաղաք

Ուկրաինա ռուսական ներխուժումից ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 24-ին, Բրյուսելում այս թեմայի վերաբերյալ կանցկացվի երեք գագաթնաժողով՝ ՆԱՏՕ-ի, G7-ի և Եվրամիության։ Deutsche Welle պարբերականը գրում է դրա մասնակիցների, կայանալիք հանդիպումների օրակարգերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մեկ ամիս անց Արևմուտքում շարունակում են պատերզմը կանգնեցնելու ուղիներ փնտրել։ Մարտի 24-ին Բրյուսելում միանգամից երեք գագաթնաժողով կկայանա՝ ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) և Եվրամիության։ Բոլոր երեքին էլ կմասնակցեն Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Զելենսկին կմիանա տեսակապի միջոցով, Բայդենը ֆիզիկապես ներկա կլինի․ մարտի 23-ի երեկոյան նա արդեն ժամանել է Բրյուսել։

 

Ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և էներգետիկա

Եվրամիությունն Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների արդեն չորս փաթեթ է սահմանել։ ԵՄ-ում պարբերաբար կրկնում են, որ պատրաստ են նոր սահմանափակումների։ Ընդ որում՝ յուրաքանչյուր նոր փաթեթը կազմելիս ավելի ու ավելի դժվար է դառնում էլ ավելի կոշտ պատժամիջոցներ գտնելը՝ Ռուսաստանին ստիպելու համար դադարեցնել պատերազմը։

Տարբերակներից մեկը Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքն է։ Նախևառաջ, նավթային էմբարգոյի կոչեր են հնչում, չէ՞ որ «սև ոսկին» ավելի հեշտ է գնել այլընտրանքային մատակարարներից, քան գազը։ Այս առաջարկը չի սատարել ԵՄ խորհուրդը մարտի 21-ին։ գագաթնաժողովներին, ըստ ամենայնի, այս գաղափարը կրկին կքննարկվի։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բրյուսելյան հանդիպումների նախօրին ասել է, որ, քանի դեռ պահպանվում է մեծ կախվածությունը ՌԴ էներգակիրներից, էմբարգո չի սահմանվելու։ Միաժամանակ ԵՄ երկրները վստահեցնում են, որ ակտիվորեն աշխատում են այդ կախվածության նվազեցման ուղղությամբ։

Այլ առաջարկներ էլ կան։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է ՌԴ դրոշի տակ նավարկող նավերին արգելել իր նավահանգիստներ մտնել, իսկ ռուսական և բելառուսական բեռնատարներին՝ ապրանք տեղափոխել ԵՄ երկրներ։

Դեռ պարզ չէ, թե արդյոք այսօր կայանալիք գագաթնաժողովների ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի նոր պատժամիջոցների մասին, ինչին կողմ է Վաշինգտոնը։ Deutsche Welle-ի երկու աղբյուրները Բրյուսելում ասում են, որ, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի ֆիզիկական անձանց, ընկերությունների և բանկերի պատժամիջոցային ցանկը։

Պատժամիջոցների մասին են խոսելու նախևառաջ G7-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այն անցկացվելու է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում, որտեղ ավելի վաղ անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար շրջանակների հանդիպումը՝ G7-ի երկրների մեծ մասի առաջնորդների, այդ թվում՝ Բայդենի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետների մասնակցությամբ։ Բրյուսել կժամանի նաև Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան։

 

ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի հարցերը

Հինգշաբթի երեկոյան կսկսվի Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Առաջին օրվա գլխավոր և միակ թեման կլինի պատերազմն Ուկրաինայում, մյուս հարցերը կքննարկվեն ուրբաթ օրը։

Փետրվարի կեսերին՝ դեռևս պատերազմի մեկնարկից առաջ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն առաջարկել էր Ուկրաինայի համար դոնորների կոնֆերանս անցկացնել։ Այն ժամանակ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով նրա տնտեսական իրավիճակը վատթարանում էր։ Իսկ այժմ այն էլ ավելի է վատթարացել։ Վերջերս Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ տնտեսության շուրջ 30%-ը չի աշխատում պատերազմի պատճառով։

Կիևը ԵՄ-ից արդեն ստացել է 600 մլն եվրոյի վարկ մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակում։ Սակայն Բրյուսելում հասկանում են, որ դա քիչ է։ Այժմ Միշելն առաջարկում է Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ ստեղծել։

Ինչպես ասել է ԵՄ կառույցներում Deutsche Welle-ի աղբյուրը, կարճաժամկետ հեռանկարում այդ հիմնադրամը պետք է Կիևին միջոցներ տրամադրի պետական իշխանության մարմինների աշխատանքի սատարման, ինչպես նաև պաշտպանունակության ամրապնդման և քաղաքացիների հիմնական՝ բնակարանի, սննդամթերքի, բժշկական ծառայությունների պահանջմունքների բավարարման համար։ Երկարաժամկետ հեռանկարում հիմնադրամից կֆինանսավորվեն մասշտաբային ներդրումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տնտեսության և ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնման համար։ Գումարներ կուղղվեն նաև այն նպատակին, որ Ուկրաինան Արևմուտքում տնտեսապես ավելի արմատավորվի։ Deutsche Welle-ի զրուցակցի խոսքով պլանավորվում է հիմնադրամը ստեղծել միջազգային դոնորական կոնֆերանսի օգնությամբ։

 

ՆԱՏՕ-ն մի կողմ է քաշվել Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմից

Պատերազմի մեկնարկից հետո ու Ռուսաստանի ագրեսիային պատասխանելու և Ուկրաինային օգնելու հարցում հիմնական դերը խաղում էր ԵՄ-ն։ Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ փախստականներ ընդունելը ՆԱՏՕ-ի գործը չեն։ Սակայն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերողն էլ դաշինքը չէ, այլ դրա անդամ պետությունները, ինչպես նաև Եվրամիությունը։ Միակ բանը, որ անում է ՆԱՏՕ-ն վերջին մեկ ամսում, իր արևելյան թևի պաշտպանության ուժեղացումն է՝ Բալթյան երկրներից մինչև Ռումինիա և Բուլղարիա։

Նման զսպվածության պատճառներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ն ջանասիրաբար խուսափում է այն գործողություններից, որոնք Մոսկվան կարող է ներկայացնել որպես պատերազմին դաշինքի միջամտություն։ Այս առումով հատկանշական է մարտի 16-ի դեպքը։ Այդ օրը Բրյուսելում կայացել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային 800 մլն դոլարի զենքի տրամադրման մասին։ Սակայն դա արել էր Բայդենը Վաշինգտոնում, այլ ոչ թե ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Բրյուսելում»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել