ԿԽՄԿ ղեկավարն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում հումանիտար հարցերը
16:40 - 24 մարտի, 2022

ԿԽՄԿ ղեկավարն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում հումանիտար հարցերը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարն ասել է, որ նախքան Ուկրաինայից խաղաղ բնակչությանը պատշաճ կերպով տարհանելը անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակների միջև համաձայնություն։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Պիտեր Մաուրերն այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

«Անհնար է մտածել մուտքի կամ տարհանման մասին թե՛ Մարիուպոլում, թե՛ մեկ այլ վայրում, եթե մենք տեղում չունենք ամուր և մանրամասն համաձայնություն զինվորականների միջև»,- նշել է նա:

Մաուրերը, որն անցյալ շաբաթ այցելել էր Ուկրաինա, հայտնել էր, որ Մոսկվայի բանակցություններում կբարձրաձայնի ռազմագերիների, անհայտ կորածների և կալանավորված քաղաքացիական անձանց հարցերը։

Լավրովն էլ հանդիպումից հետո հայտարարել է՝ Ռուսաստանը հիմքեր չունի ակնկալելու, որ Ուկրաինան կկատարի միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ 

«Այսօր մենք մանրամասն խոսեցինք հարցի քաղաքական կողմի մասին: Այն մասին, թե ինչպես են Կիևի իշխանությունները և տարբեր բնակավայրեր վերահսկող ազգայնականները փորձում կանխել խաղաղ բնակիչների ազատ ելքը, փորձում նրանց օգտագործել որպես կենդանի վահան, ծանր զենքեր են տեղակայում քաղաքային թաղամասերում և իրականացնում այլ գործողություններ, որոնք ուղղակիորեն հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին»,-  հայտարարել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը լսել է ԿԽՄԿ գործընկերների առաջարկությունները այն որոշումների վերաբերյալ, որոնք նրանք կարևոր են համարում հումանիտար մուտքի, հումանիտար միջանցքների գործարկման խնդիրների առավել արդյունավետ քննարկման համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել