ՕՊԵԿ-ն անհանգստացած է ԵՄ կողմից ռուսական նավթի հնարավոր արգելքի առնչությամբ․ Reuters
19:46 - 24 մարտի, 2022

ՕՊԵԿ-ն անհանգստացած է ԵՄ կողմից ռուսական նավթի հնարավոր արգելքի առնչությամբ․ Reuters

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) ներկայացուցիչները կարծում են, որ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կվնասի սպառողներին։ Նրանք այս մտահոգություններով կիսվել են Բրյուսելի հետ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր աղբյուրները։

ՕՊԵԿ-ի այնպիսի խոշորագույն անդամներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, ձգտում են չեզոքություն պահպանել Արևմուտքի և Մոսկվայի միջև, իսկ ՕՊԵԿ+ խմբի անդամները, որոնցից մեկը Ռուսաստանն է, իրենց քաղաքական հանդիպումների ընթացքում շրջանցում են Ուկրաինայի թեման։

ՕՊԵԿ-ի ներկայացուցիչներն, այդ թվում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն մարտի 16-ին հանդիպել են ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի հետ՝ քննարկելու էներգետիկ շուկայի «արտակարգ ժամանակները»։ Այս մասին հայտնել է Սիմսոնը Թվիթերում։

Ինչպես նշել է Reuters-ի աղբյուրներից մեկը, կազմակերպության անհանգստության մասին տեղյակ է պահվել Եվրամիությունը։ «Նրանք շատ լավ տեղեկացված են», - ասել է աղբյուրը։

Մարտի 16-ի հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին ԵՄ ներկայացուցիչը պատասխանել է․ «ՕՊԵԿ-ը ներկայացրել է նավթային շուկայում իրավիճակի իր վերլուծությունը և մեզ իրազեկել նավթի արդյունահանման վերաբերյալ իր պլանների մասին»։

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, ապագա պատժամիջոցների առումով ոչինչ բացառված չէ», - ասել է ԵՄ ներկայացուցիչը։

ՕՊԵԿ-ի շտաբ բնակարանը Վիեննայում միանգամից չի պատասխանել այս հարցը մեկնաբանելու խնդրանքին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել