Ուկրաինան հայտարարել է Բելառուսի կողմից ուկրաինական դիվանագիտական առաքելության աշխատակիցների մեծամասնության արտաքսմանը պատասխանելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երկրի ԱԳՆ խոսնակ Իգոր Նիկոլենկոն, փոխանցում է «Українська правда»-ն։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն այսօր պաշտոնական նոտա է հղել Բելառուսի արտաքին գործերի նախարարությանը Ուկրաինայում Բելառուսի դեսպանատան անձնակազմի թիվը մինչև հինգ աշխատակցի հասցնելու որոշման վերաբերյալ։ Բելառուսի դեսպանատան մնացած աշխատակիցների դիվանագիտական հավատարմագրումը չեղյալ է հայտարարվում, իսկ նրանց և նրանց ընտանիքի անդամների՝ Ուկրաինայի տարածքում գտնվելը հայտարարվում է»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ԱԳՆ-ն նաև չեղյալ է հայտարարել Լվովում Բելառուսի պատվավոր հյուպատոսի էկզեկվատուրան (հյուպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ- խմբ․), ինչը գործնականում, ըստ «Українська правда»-ի, նշանակում է հյուպատոսության փակում։
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ պակասեցնում է երկրում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցների թիվը՝ երկրում թույլ տալով աշխատել միան 5 աշխատակցի, մյուսները 72 ժամվա ընթացքում պետք է լքեին երկիրը։ Բելառուսի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «տարիների ընթացքում արձանագրվել են Ուկրաինայի բազմաթիվ անբարյացակամ գործողություններ՝ ուղղված Բելառուսի հետ միջպետական հարաբերությունների անպատասխանատու ոչնչացմանը, գործարար շփումներին և մարդկանց միջև վաղուց հաստատված կապերին»։
comment.count (0)