Մեծ Բրիտանիան դադարեցնում է պետականորեն ֆինանսավորվող գիտահետազոտական և ինովացիոն համագործակցությունները Ռուսաստանի հետ
19:22 - 27 մարտի, 2022

Մեծ Բրիտանիան դադարեցնում է պետականորեն ֆինանսավորվող գիտահետազոտական և ինովացիոն համագործակցությունները Ռուսաստանի հետ

Գիտությունը անհաղթահարելի ուժ է՝ խաղաղ համագործակցության համար։ Ազատ և բաց ակադեմիական դիսկուրսի միջոցով մենք կարող ենք օգուտներ բերել մարդկությանն ու աշխարհին, քանի որ ձգտում ենք լուծելու մեր ժամանակի ամենահրատապ մարտահրավերները: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

«Սարսափելի ներխուժումը (ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժումը- խմբ․) պահանջում է, որ մենք բոլորս մեր դիրքորոշումն արտահայտենք և մեր համերաշխությունն ու աջակցությունը ցուցաբերենք Ուկրաինային։ Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնելու պետականորեն ֆինանսավորվող գիտահետազոտական և ինովացիոն համագործակցությունները ռուսական համալսարանների և ռուսական այն ընկերությունների հետ, որոնք ռազմավարական նշանակություն, շահ ունեն ՌԴ-ի համար»,- նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նպատակն է միջոցներ ձեռնարկել, որոնք բացասաբար կանդրադառնան ռուսական պետության և Կրեմլի հետ ամուր կապեր ունեցող անձանց ու կազմակերպությունների վրա, այլ ոչ թե սանկցիաներ կիրառել՝ ընդդեմ առանձին ռուս գիտնականների կամ նորարարների, որոնք բարենպաստ հետազոտական հետաքրքրություններ ունեն:

«Հետևաբար մենք նախաձեռնում ենք հետևյալ գործողությունները․

1․ Մեծ Բրիտանիայի հանրային հետազոտական ֆոնդերի միջոցով ռուսական նախագծերի բոլոր վճարումները դադարեցվել են: Ես հանձնարարել եմ մեկուսացնելլ և սառեցնել գործողությունները, որոնք օգուտ են բերում ռուսական ռեժիմին:

2․ Մենք չենք ֆինանսավորի որևէ նոր համագործակցային նախագիծ Ռուսաստանի հետ մեր հետազոտական և ինովացիոն կազմակերպությունների միջոցով։

3․ Մենք կասեցրել ենք երկու երկրների կառավարությունների երկխոսությունը Ռուսաստանում մեր գիտության և ինովացիոն ցանցի թիմի միջոցով, ներառյալ համատեղ գիտական նախագծերը:

4․ Այնտեղ, որտեղ Միացյալ Թագավորությունը բազմակողմ կազմակերպությունների անդամ է, գործընկերների հետ համընթաց աշխատում է՝ համապատասխան արձագանքելու՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելով իր գործողությունների համար՝ միաժամանակ նվազեցնելով և մեկուսացնելով նրա ազդեցությունը:

5․ Մենք 3 միլիոն ֆունտ ստեռլինգ աջակցության փաթեթ ենք ներկայացնում ուկրաինացի հետազոտողների համար, որոնք ռիսկի տակ են: Մենք կանգնած ենք Ուկրաինայի, նրա՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության և նրա խիզախ ժողովրդի կողքին այս սարսափելի պահին»,- նշված է Միացյալ Թագավորության կառավարության հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել