ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի բնակիչները այսօր բողոքի ակցիա են իրականացրել Էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց՝ ընդդեմ կառավարության անցած տարվա որոշման, որով հանրային գերակա շահ է ճանաչվել գյուղացիներին պատկանող հողամասերը։
Infocom-ը, հիշեցնենք, ավելի վաղ անդրադարձել էր թեմային․ անցած տարի կառավարությունը հավանություն էր տվել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին, որով նախատեսվում էր Ապարան համայնքի տարածքում լեռնային հանգստավայր կառուցել։ Ավելի ուշ գործադիրը այդ տարածքների նկատմամբ հանրային գերակա շահ էր ճանաչել։ Այս որոշման հետևանքով գերակա շահ էին ճանաչվել նաև Եղիպատրուշ գյուղի բնակիչների սեփականություն համարվող վարելահողերը և տնամերձ հողամասերը։ Եղիպատրուշ գյուղի բնակիչները գրավոր դիմել էին Էկոնոմիկայի նախարարությանը՝ նշելով, որ այս թեմայով հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև իրենց մտահագությունն էին հայտնել հողամասերից զրկվելու առնչությամբ։
Այսօրվա բողոքի ակցիային մասնակցած Եղիպատրուշի բնակիչ Կարեն Հովհաննիսյանը Infocom-ի հետ զրույցում ասաց՝ մի ամբողջ գյուղի զրկում են ապրելու իրավունքից․ «Գյուղը ապրում է այդ հողով, եթե գյուղով են ապրում, բնականաբար հողով են ապրում։ Գյուղնշանակության հողեր ունենք, տնամերձ ունենք, երբ այս գյուղում Արևմտյան Հայաստանից եկել են ապրելու, այդ ժամանակվանից մելորացիա են արել, հողը մշակել են, սարքել են բերիի հող, այսօր դա գյուղացիներից վերցնում են։ Ո՞նց կարելի է հայրենիքը գերակա շահ ճանաչել»։
Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ գյուղն այսօր նույն խնդրի առջև է կանգնած․ «Ես ունեմ հողեր, մշակել եմ, քար եմ հավաքել, հողը հող եմ դարձրել, մի քանիսի պատճառով այդ հողերի մասին գրվել է աղակալված հողեր։ Ես ուզում եմ գյուղնախարարությունից համապատասխան մասնագետներ ուղարկեն, ես տեսնեմ՝ որ հողն է աղակալված։ Եթե ես գյուղում ապրեմ, բայց հող չմշակեմ, ինչի՞ համար եմ գյուղում ապրում։ Գյուղում ունեմ անասուններ, գոմեր, եթե հողը վերցնում են, անասունը ոնց եմ պահելու։ Մեկի հարստանալու միջոցի համար մի ամբողջ համայնք պետությունը պետք է օտարի՞»,-մեր զրույցում ասաց նա։
Բնակիչներից Սամվել Մաթևոսյանն էլ տեղեկացրեց, որ անցած տարվա աշնանը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ից երկու աշխատակից են եկել գյուղ՝ հողերի ուսումնասիրման նպատակով․ «Ժողովուրդը հարցրել է՝ դուք լիցենզիա ունե՞ք, որ հողերը նայեք, գնահատեք, ասել են՝ դեռ ոչ, նոր ենք դիմել Էկոնոմիկայի նախարարություն, որ լիցենզիա հանենք, դրա հիման վրա ժողովուրդը իրենց ետ են ուղարկել, ասել են՝ երբ լիցենզիա ունենաք, կգաք։ Գնացել են, անցել է 3-4 ամիս, ու մի շաբաթ առաջ ամբողջ գյուղին Էկոնոմիկայի նախարարությունից ծանուցագրեր է եկել այն մասին, որ մենք առաջարկեցինք, որ միասին ձեր հողերը նայենք, տեսնենք, թե ինչպիսին է պրոցեսը, քանի որ դուք չեք եկել, օրենքի այս այս կետերով մենք դա արել ենք մեր ուժերով։ Բայց նման բան չի եղել, ես հիմա հանցագործության մասին հաղորդագրություն եմ տալիս»,- ասաց նա։
Բնակիչների խոսքով՝ նախատեսվում է, որ հողամասերը կօտարվեն մինչև այս տարվա մայիսի 31-ը։ Գյուղացիներն ակնկալում են, որ լուծումը կլինի հօգուտ իրենց․ «Մենք սպասում ենք գյուղացու սրտով լուծման, եթե չի լուծվում, միգուցե կդիմենք այլ քայլերի։ Գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Ով ուզում է լինել, մենք ուզում ենք ապրել մեր գյուղում։ Մենք հող մշակող մարդիկ ենք, գյուղի ժողովուրդ ենք, գյուղացուն թող չջղայնացնեն»,- ամփոփելով՝ ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Նանե Ավետիսյան
comment.count (0)