Բլինքենը խոսել է ռուսական գազի այլընտրանքների մասին
10:00 - 30 մարտի, 2022

Բլինքենը խոսել է ռուսական գազի այլընտրանքների մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա այցի ընթացքում հարցազրույց է տվել Մարոկկոյի «Medi 1» հեռուստաալիքին։

Պատասխանելով հարցին, թե Ալժիր այցի ընթացքում հնարավո՞ր է, որ ալժիրյան գազի թեման քննարկումների սեղանին լինի, Բլինքենը խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հսկայական տառապանքներ է պատճառում նախ Ուկրաինային։ Բլինքենի խոսքով Ուկրաինայում երեխաների կեսը տեղահանված է։ Հետևաբար, նրա պնդմամբ, այն, ինչ տեղի է ունենում այս մակարդակում, կարևոր է, բայց կարևոր է նաև երկու այլ պատճառով․

«Նախ, վտանգված են շատ կարևոր սկզբունքներ, սկզբունքներ, որոնք նպաստում են անվտանգությանն ու խաղաղությանը ողջ աշխարհում, ոչ միայն Եվրոպայում, այլ նաև այստեղ: Երբ այս սկզբունքները հարձակման են ենթարկվում, ինչպես այժմ ենթարկված են Ռուսաստանի կողմից, խնդիր է առաջանում բոլորի համար: Սկզբունքը, որ մի երկիր չի կարող բռնությամբ փոխել մեկ այլ երկրի սահմանները, որ մի երկիր չի կարող որոշում կայացնել մյուսի փոխարեն իր քաղաքականության և ապագայի վերաբերյալ․ ահա, թե որն է խնդիրը։ Բայց երրորդը, մենք տեսնում ենք ազդեցություն ամբողջ աշխարհում: Ուկրաինայում ռուսական այս ագրեսիայի պատճառով մենք այժմ պարենային հոսքերի հետ կապված խնդիրներ ունենք, քանի որ այժմ վտանգված է գյուղմթերքի արտահանումը»։

Հարցազրուցավարի դիտարկմանը, որ վտանգված է հատկապես ցորենի արտահանումը, որից կախված են աֆրիկյան շատ երկրներ, այդ թվում՝ Մարոկկոն, Բլինքենը արձագանքեց, որ դա ճիշտ է․ «Ուկրաինայում ֆերմերները ստիպված են կա՛մ կռվել իրենց երկրի համար, կա՛մ փախչել։ Բերքահավաքն ավարտված չէ, իսկ արտահանումը արգելափակված է Ուկրաինայի հարավային նավահանգիստներում։ Սա խնդիր է ստեղծում ամբողջ աշխարհում։ Մեկ այլ խնդիր է էներգիայի գինը»։

Հարցին, որ գուցե ժամանակն է ռուսական գազին այլընտրանքներ փնտրելու, և միգուցե դա լինի Մաղրեբ-Եվրոպա գազատարի (Ալժիրից գազը Մարոկկոյի միջով կապում է Իսպանիայի և Պորտուգալիայի հետ- խմբ․) վերաբացման միջոցով, Բլինքենը պատասխանել է, որ Եվրոպան շատ կենտրոնացած է այն մտքի վրա, որ այժմ իսկապես պետք է ազատ լինել ռուսական գազից և նավթից, «քանի որ Ռուսաստանը, ցավոք, դրանք օգտագործում է որպես քաղաքական գործիք»: 

«Խնդիրը հիմնականում դա է, և ակնհայտորեն բոլորի համար բացարձակապես անընդունելի ձևով է գործում։ Այսպիսով, կարծում եմ՝ երբ խոսում եք եվրոպական երկրների հետ, գիտեք, որ նրանք շատ կենտրոնացած են ազատականացման անհրաժեշտության վրա»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը, տեղեկությունը փոխանցում է Պետքարտուղարության կայքը։

Հարցին, թե ամերիկյան կողմը կմիջնորդի՞ այս հարցում, Բլինքենը պատասխանել է, որ ամեն կողմից եկող ազատականացումը ներառում է նաև իրենց՝ ամերիկյան կողմին․ «Բայց միայն ազատականացման հարցը չէ։ Այս փոփոխությունը պետք է իրականացվի նաև կլիմայի համար պայքարի տեսանկյունից։ Սա նույնպես շատ կարևոր է։ Մենք պետք է համոզված լինենք, որ ազատականացման հետ մեկտեղ՝ մենք առաջ ենք տանում կլիմայի խնդիրը, որպեսզի կարողանանք կանխել գլոբալ տաքացումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել