tert.am: Սպիտակ տան հեռահաղորդակցային բաժնի ղեկավար Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում որոշակի ուղղություններով ռազմական ակտիվությունը մի քանի անգամ կրճատելու մասին հայտարարության ֆոնին աշխարհը պետք է պարզ աչքերով նայի ու չհավատա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին:
Ինչպես գրում է The Guardian-ը, Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է հետևել ու տեսնել՝ արդյոք ռուսների գործողությունները համընկնում են նրանց խոսքերին:
«Կարծում եմ՝ մենք պետք է պարզ աչքերով նայենք իրականությանը, ոչ ոք չպետք է հիմարացվի ՌԴ-ի հայտարարություններով: Մենք կարծում ենք, որ Կիևի շուրջ ուժերի ցանկացած տեղաշարժ վերաբաշխում է և ոչ թե նահանջ, և աշխարհը պետք է պատրաստ լինի մեծ հարձակման Ուկրաինայի այլ տարածքների վրա»,- ասել է Բեդինգֆիլդը։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ կլինի հանդիպելու Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, եթե նախապես որոշակի երաշխիքներ տրվեն:
«Դա կախված կլինի նրանից , թե ինչի շուրջ նախագահ Պուտինը կցանկանա խոսել: Մենք շատ պարզ ենք այն հարցում, որ պետք է շոշափելի ապաէսկալացիա լինի Ռուսաստանի կողմից և հստակ, անկեղծ հավատարմություն դիվանագիտությանը, նախքան նախագահը նման խոսակցություն կունենա»,-եզրափակել է Բեդինգֆիլդը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է արմատապես կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով:
comment.count (0)