Ֆրանսիայի արտգործնախարարը ուկրաինա-ռուսական բանակցություններում առաջընթաց չի տեսնում

 |factor.am|
15:32 - 01 ապրիլի, 2022

Ֆրանսիայի արտգործնախարարը ուկրաինա-ռուսական բանակցություններում առաջընթաց չի տեսնում |factor.am|

factor.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դեռևս չեն հանգեցրել հակամարտության կարգավորման հարցում բեկման։ Այս մասին նախարարը հայտարարել է Le Figaro-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ տեսնում կոնկրետ նշաններ, որոնք ցույց կտան Ռուսաստանի դիրքորոշման իրական և տևական փոփոխություն։ Նույնիսկ եթե ռուսական զորքերի առաջխաղացումն ավելի դանդաղ է, քան ակնկալում էր Կրեմլը, այս պահին ես որևէ նկատելի նահանջ կամ զինադադար չեմ տեսնում»,- ասել է Լը Դրիանը։

Նա հավելել է, որ «Մարիուպոլում Ռուսաստանի կողմից մի քանի ժամ հայտարարված, այսպես կոչված, լռության ռեժիմն ակնհայտորեն բավարար չէր»։

«Պետք չէ խաբվել. Ստամբուլի բանակցությունները բեկումնային չեն եղել՝ համեմատած երեք շաբաթ շարունակվող բանակցությունների հետ։ Նույն հարցերը քննարկվել են, բայց իրականում էական առաջընթաց չկա»,- ասել է Լը Դրիանը։

Նա, միաժամանակ, կոչ է արել ուժեղացնել Ուկրաինային տրվող ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցությունը։

«Ռուսաստանը չպետք է հաղթելու հույս ունենա։ Մենք շատ պարզ նպատակ ունենք՝ չհրաժարվել ոչնչից և ակտիվացնել մեր ջանքերը՝ մինչև Ուկրաինայի ողջ տարածքում հրադադարի հաստատումը և իրական բանակցությունները»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել