Գլխավոր լուսանկարը՝ REUTERS-ի
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա Ուկրաինայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բուչա քաղաքում «ռազմական հանցագործությունների» համար, գրում է Reuters-ը։
Բուչայի քաղաքապետը երեկ հայտնել էր, որ 300 բնակիչ է սպանվել քաղաքում ռուսական բանակի մեկամսյա օկուպացիայի ընթացքում։
«Բուչայում արված լուսանկարներին հնարավոր չէ նայել, Պուտինի անզուսպ դաժանությունը ոչնչացնում է անմեղ ընտանիքներ և սահմաններ չի ճանաչում», - գրել է Բերբոկը Թվիթերում։
«Այս ռազմական հանցագործությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք խստացնելու ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու ավելի շատ ենք օգնելու Ուկրաինային պաշտպանվել», - նշել է նա։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը երեկ հայտնել էր, որ ուկրաինական բանակն ամբողջությամբ վերադարձրել է վերահսկողությունը Կիևի շրջանի նկատմամբ։ Բուչայի համար դաժան մարտեր են ընթացել։
France Press-ի և Reuters-ի լրագրողները ներկա էին եղել Բուչայում և քաղաքացիական հագուստով մարդկանց դիերի լուսանկարներ հրապարակել։ Դրանցում երևում են նաև արկերի և հրթիռների հարվածներից այրված մեքենաներ և տներ։ Մահացածներից մեկի ձեռքերը մեջքի հետևում կապված են եղել սպիտակ կտորով, մյուս երկուսի ձեռքերին նույնպես սպիտակ թևկապեր են եղել։
Բուչայի բնակիչները Reuters-ին ասել էին, որ օկուպացիայի ժամանակ իրենց անընդհատ ստիպել են կրել այդ թևկապերը։
Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հայտնել էր, որ քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո հայտնաբերել են, որ ավերված քաղաքի փողոցները լի են դիերով։ Ինչ վերաբերում է թևկապերին, նա նշել էր․ դրանք պետք է «ցույց տային, որ մարդիկ զինված չեն»։
Նորա Վանյան
comment.count (0)