Ռուսաստանն ու Ուկրաինան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել Կիևից ոչ հեռու Բուչա քաղաքում կատարված իրադարձությունների առնչությամբ, որտեղ ռուսական բանակի նահանջից հետո խաղաղ բնակիչների բազմաթիվ դիեր են հայտնաբերվել։ Ռուսաստանը պահանջել է նիստն անցկացնել ապրիլի 4-ին, Ուկրաինան պահանջել է անցկացնել ապրիլի 5-ին։
Ռուսական կողմի մտադրության մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, գրում է Ազատություն ռադիոկայանը (Svoboda.org):
Դիվանագետը Բուչայի սպանություններն անվանել է «ուկրաինացի արմատականների աղաղակող սադրանք»։
«Ջրի երես ենք դուրս բերելու իրենց չափը չճանաչող ուկրաինացի սադրիչներին և նրանց արևմտյան հովանավորներին»,- գրել է Պոլյանսկին Թելեգրամի իր ալիքում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, պահանջել է վաղը ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկել Ռուսաստանի գործողությունները։
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է Բուչայում անկախ հետաքննություն իրականացնել։
Օրերս Բուչա քաղաքում հայտնաբերվել էին զոհված բնակիչների մարմիններ, այդ թվում՝ մեջքի հետևում կապված ձեռքերով։ Դա տեղի էր ունեցել ռուսական բանակի նահանջից հետո, որը վերահսկում էր քաղաքը մի քանի շաբաթ։ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Արևմտյան երկրները պլանավորում են Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր մեղադրանքները խաղաղ բնակիչների սպանության առնչությամբ։ Գերատեսչության հայտարարությունում ասված է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են և «Կիևի ռեժիմի բեմականացում՝ արևմտյան լրատվամիջոցների համար»։
Նորա Վանյան
comment.count (0)