Բուչայի հնարավոր հետևանքները Ռուսաստանի համար․ BBC Russian-ի անդրադարձը
18:10 - 04 ապրիլի, 2022

Բուչայի հնարավոր հետևանքները Ռուսաստանի համար․ BBC Russian-ի անդրադարձը

Ուկրաինական Բուչա քաղաքում օրերս իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ցնցել են միջազգային հանրությունը։ Այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Կիևի շրջանի նատմամբ, որը դրանից առաջ վերահսկում էին ռուսական զորքերը, հայտնի է դարձել, որ մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Բուչա քաղաքի փողոցները լի են դիերով։ France Press-ի և Reuters-ի լրագրողները ներկա էին եղել քաղաքում և քաղաքացիական հագուստով մարդկանց դիերի լուսանկարներ հրապարակել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է ցեղասպանության համար, Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը Բուչայի դեպքերին։ BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Ռուսաստանի համար այս դեպքերի հնարավոր հետևանքներին։ Հոդվածը ներկայացնում ենք աննշան կրճատումներով։

«Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն շատ կարճ ժամկետներում՝ Կիևի շրջանում ռուս զինվորականների վայրագությունների վկայությունների ֆոնին, որոնք ցնցել են Արևմուտքը։ Սակայն ռուսական նավթի և գազի եվրոպական էմբարգոյի հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, դեռ չի օգտագործվի։

Միաժամանակ, այժմ արդեն վերջնականապես պարզ է դառնում, որ պատժամիջոցների մեղմացման մասին կարելի է մոռանալ մինչև պատերազմի ավարտը, իսկ դրանց լիակատար չեղարկման մասին՝ երկար տարիներ,մինչև որ պատժվեն ռազմական հանցագործությունների մեղավորներն ու Ռուսաստանում իշխանափոխություն լինի, վկայում են արևմտյան քաղաքական գործիչների և պաշտոնյաների հայտարարությունները։

Զարգացած աշխարհն աննախադեպ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան նրա ներխուժմանն Ուկրաինա։ Դրանց նպատակը Ռուսաստանին կտրելն է արևմտյան տեխնոլոգիաներից և փողից՝ նրա ղեկավար Վլադիմիր Պուտինին զրկելով հարևան երկրում պատերազմը շարունակելու հնարավորությունից, որտեղ ռուսական բանակն արդեն հազարավոր ուկրաինացիների է սպանել և հողին հավասարեցրել մի քանի քաղաք։

Սակայն սահմանափակումները Ռուսաստանին չէին զրկում Եվրոպային նավթի, գազի և ածխի վաճառքից օրական 650 մլն եվրո վաստակելուց, իսկ դանդաղ ընթացող խաղաղ բանակցությունները հույս էին ներշնչում, որ հնարավոր է խուսափել հետագա դրակոնյան միջոցներից՝ եվրոպական նավահանգիստների փակումից, SWIFT-ից բանկերի անջատումից և նավթագազային էմբարգոյից։

Ամեն ինչ փոխվեց վերջին հանգստյան օրերին, երբ հրապարակվեցին շոկային կադրեր և ռուսական զորքերի օկուպացրած ուկրաինական հողերում խաղաղ բնակչության նկատմամբ բռնության և մահապատժի վկայություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է չարագործություններն ու համաշխարհային լրատվամիջոցների ֆոտո- և տեսագրությունները բեմադրված անվանում։

«Իրպենում և Բուչայում ռուսական զորքերի կողմից սպանված խաղաղ բնակիչների լուսանկարները հիշեցնում են նացիստական և խորհրդային ռեժիմների զանգվածային ջարդերն, - ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն ու նոր պատժամիջոցների կոչ արել։ - Անտարբերությունը բոլոր հանցանքների մայրն է։ Պետք է հավաքել և պահպանել ապացույցները, մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն։ Իսկ մենք պարտավոր ենք հնարավորինս արագ ընդունել ԵՄ կոշտ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը»։

 

Նոր պատժամիջոցների սպասումով

«Շոկի մեջ եմ ազատագրված Կիևի շրջանում ռուսական բանակի կատարած վայրագությունների սարսափազդու լուսանկարներից», - գրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու #BuchaMassacre («Բուչայի ջարդեր») թեգ ավելացրել։

«Նոր պատժամիջոցներն ու աջակցությունը մոտ են», - գրել է նա Թվիթերում։

Եվրոպական պատժամիջոցների առաջին չորս փաթեթը վերաբերում էր Պուտինին ու նրա շրջապատին, պետական ընկերություններին և իշխանության հետ կապված բանկերին։ ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի բանկի պահուտներն, արգելել կանխիկ եվրոյի և շքեղության ապրանքների մատակարարումը Ռուսաստանին, սակայն չի հրաժարվել նրանից նավթ, գազ և ածուխ գնել, ինչպես նաև պահպանել է պատժամիջոցների տակ հայտնված բանկերի միջոցով դրանց համար վճարման հնարավորությունը։

Հինգերորդ փաթեթը քննարկվում էր մարտի 15-ին նախորդի հրապարակումից ի վեր։ Այն պետք է հայտնվեր այս շաբաթվա սկզբին և ենթադրում էր արդեն սահմանված պատժամիջոցների որոշակի խստացում և սողանցքների բացառում, բայց չէր ներառում էմբարգոն։

Այժմ հարցն այն է, թե ինչպես կարձագանքի ԵՄ-ն խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների և իրավապաշտպանների վկայություններին․ կարագացնի՞ գրեթե համաձայնեցված փաթեթի ընդունումը և այդ մասին կհայտարարի երկուշաբթի-երեքշաբթի՞, թե՞ ավելի լուրջ միջոցներ կձեռնարկի՝ չնայած նրան, որ այդ պատժամիջոցները սպառնում են Եվրոպայի բարեկեցությանն ու անդորրին։

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ դեռևս փոխհամաձայնություն չկա։ Արևելյան Եվրոպան, նախևառաջ՝ Լեհաստանն ու Բալթյան երկրները, վճռական միջոցներ են պահանջում, սակայն ռուսական նավթի և գազի էմբարգոյին և անգամ դրանից մասնակի հրաժարմանը դեմ է մի քանի երկիր՝ Գերմանիայի գլխավորությամբ, որը ԵՄ արդյունաբերական շարժիչն է և էներգակիրների գլխավոր սպառողը։

Պատժամիջոցների սահմանման համար պահանջվում է Եվրամիության՝ ավելի քան 450 մլն բնակչություն և աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող կառույցի բոլոր 27 երկրների համաձայնությունը։ Սա լավ նորություն է Պուտինի համար, որը ԵՄ-ում համակիրներ և ռուսական գազից կախված գործընկերներ ունի՝ նախևառաջ Հունգարիան, Իտալիան և Ավստրիան։

 

Ե՞րբ սպասել պատժամիջոցների մեղմացման

Սակայն դա նաև վատ նորություն է, քանի որ պատժամիջոցների չեղարկման համար նույնպես կպահանջվի բոլոր 27 պետությունների միաձայն որոշումը։ Նրանցից յուրաքանչյուրին պետք է համոզել, որ մեղավորները պատժված են, իսկ Կրեմլն ամբողջությամբ զրկվել է ներքին գործերին միջամտելու, կաշառքի, կիբերհարձակումների և ուղիղ ռազմական ագրեսիայի գործիքներից։

Այդ երկրները դեռևս բառ անգամ չեն ասում պատժամիջոցների չեղարկման մասին։

Պատժամիջոցները շատ արդյունավետ են, անցյալ շաբաթվա վերջին համաձայնել են Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և հեռախոսով պայմանավորվել սատարել դրանք։ Մյուսներն ավելի կոշտ են արտահայտվում։

«Մենք Ռուսաստանի կողմից չենք տեսնում ոչ մի անկեղծ ձգտում՝ բանակցություններում հաջողության հասնելու։ Այդ պատճառով էլ Կրեմլի ռեժիմի մտադրությունների մասին պետք է դատենք գործով, այլ ոչ թե հայտարարություններով», - ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։

Նրա հետ համաձայնել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Երկուսն էլ պահանջել են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Իսկ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ուղղակիորեն կոչ է արել հրաժարվել նավթ և գազ գնել Ռուսաստանից։

«Պատժամիջոցերը սահմանվել են Ուկրաինայում խաղաղության վերականգնման, այլ ոչ թե Եվրոպայի խիղճը հանգստացնելու համար։ Պատժամիջոցները կոչված են Պուտինին կանգնեցնելու։ Եվ եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն՝ դրանք բավականաչափ կոշտ չեն», - գրել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պատժամիջոցների չեղարկման համար պայմանները կարճ ժամկետներում չեն ստեղծվելու։

«Պատժամիջոցներն ընդմիշտ չեն։ Դրանք ընդամենը նպատակին հասնելու գործիք են, և երբ այն իրագործվի, պատժամիջոցներն անցյալում կմնան։ Եվ ես շատ մեծ հույսեր ունեմ, որ ինչ-որ պահի պատժամիջոցները կչեղարկվեն», - ասել էր Բլինքենը՝ նշելով, թե ինչ է դրա համար անհրաժեշտ․ «պատերազմի ավարտ, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնում»։

Դրա համար շատ ժամանակ է պետք, զգուշացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպա կատարած այցի ժամանակ։

«Պետք է ճշմարտության աչքերին նայել․ այս մարտում հնարավոր չէ հաղթել ոչ մոտակա օրերի, ոչ էլ նույնիսկ՝ ամիսների ընթացքում։ Պետք է նախապատրաստվել երկար պայքարի», - ասել է Բայդենն անցյալ շաբաթ։

Նրա մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիան ավելի ուշ հստակեցրել է, որ հաշտությունը բավարար չէ, Ռուսաստանը պետք է ուղղվի և էլ նման բան չանի։

«Անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Պուտինի նկատմամբ ինչպես տնտեսական միջոցներով, այնպես էլ՝ [Ուկրաինային] ռազմական օգնություն տրամադրելու միջոցով, որպեսզի հնարավոր լինի հասնել Ռուսաստանի քաղաքականության լիակատար փոփոխման»»։

 

Նորա Վանյան 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել