Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպում են ունեցել Անկարայում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի նախագահի խոսնակի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը և Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։
Նիստում նշվել է, որ մարտի 29-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները «դրական թափ» են հաղորդել խաղաղության ջանքերին, ընդ որում Թուրքիան «կարևոր դեր» է խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում:
Քալընը Նուլանդին հայտնել է, որ Թուրքիան վճռականորեն շարունակում է իր դիվանագիտական նախաձեռնությունները՝ հրադադարի, ինչպես նաև հումանիտար միջանքներ բացելու համար։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին լրագրողներին ասել է, որ դրանք կառուցողական են եղել։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան գոհունակություն է հայտնել, որ բանակցությունները կայացել են ոչ թե Բելառուսում, այլ Ստամբուլում։
comment.count (0)