Ամերիկյան The New York Times պարբերականը, վերլուծելով արբանյակային լուսանկարները, եկել է այն եզրահանգման, որ դրանք հերքում են Ռուսաստանի պնդումները, թե Կիևի շրջանի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը լքել են քաղաքը։
Պարբերականը նշում է․ երբ օրերս Բուչայի փողոցներում խաղաղ բնակիչների դիերի լուսանկարներ են հայտնվել՝ «ոմանք՝ կապված ձեռքերով, մյուսները՝ գլխի հատվածում հրազենային վիրավորմամբ», Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր մասնակցությունը դեպքերին։ Գերատեսչության պնդմամբ՝ մարմինները փողոցում են հայտնվել այն բանից հետո, երբ «ռուսական ստորաբաժանումներն ամբողջությամբ լքել են Բուչան» մոտավորապես մարտի 30-ին։
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, տեսանյութերի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ խաղաղ բնակիչներից շատերը սպանվել են ավելի քան երեք շաբաթ առաջ, երբ ռուս զինվորականները վերահսկելիս են եղել քաղաքը։
Արբանյակային լուսանկաները, որոնք տրամադրել է Maxar Technologies ընկերությունը, ցույց են տվել, որ նվազագույնը 11 մարմին ընկած է եղել Բուչայի Յաբլոնսկայա փողոցում մարտի 11-ից, երբ ռուսական զորքերը քաղաքում են եղել։
Պարբերականը գրում է, որ լուսանկարներում երևում են մարդու մարմնի չափսերի օբյեկտներ, որոնք Յաբլոնսկայայում հայտնվել են մարտի 9-11-ը։ Դրանց դիրքը համընկնում է դիերի դիրքի հետ, որոնք հայտնաբերվել են ուկրաինական զորքերի կողմից Բուչայի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելուց հետո, ինչպես երևում է ուկրաինական կողմի ապրիլի 1-ի տեսանյութից։ Հետագա վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ օբյեկտներն այդ դիրքում են եղել ավելի քան երեք շաբաթ։
«Յաբլոնսկայա փողոցում արված երկրորդ տեսանյութում ևս երեք մարմին է երևում, [․․․] մեկը՝ լքված մեքենայի մոտ։ Արբանյակային լուսանկարները պարզ են դարձնում, որ այդ մարմինը և լքված երկու մեքենաները հայտնվել են մարտի 20-21-ին», - գրում է The New York Times-ը։
Նշենք, որ օրերս Կիևի շրջանի Բուչա քաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դիեր են հայտնաբերվել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը լքել են քաղաքը, և այն կրկին անցել է ուկրաինական զորքերի վերահսկողության տան։ Ուկրաինան տեղի բնակիչների մահվան համար մեղադրել է ռուս զինվորականներին, Ռուսաստանի ՊՆ-ն քաղաքում արված տեսանյութերն ու լուսանկարները «սադրանք» է որակել և նշել, որ դրանք «բեմադրված են Կիևի ռեժիմի կողմից՝ արևմտյան լրատվամիջոցների համար»։
Նորա Վանյան
comment.count (0)