Լրագրողների նոր հրապարակումները Կիևի շրջանի բնակիչների սպանության մասին․ Meduza
18:48 - 05 ապրիլի, 2022

Լրագրողների նոր հրապարակումները Կիևի շրջանի բնակիչների սպանության մասին․ Meduza

Միջազգային լրատվական գործակալությունների և պարբերականների լրագրողները հանգստյան օրերին և երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, կարողացել են մուտք գործել Կիևի շրջանի քաղաքներ և գյուղեր, որոնք մինչև վերջերս գտնվում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ, և որտեղ նրանց նահանջից հետո հայտնաբերվել են, ուկրաինական պաշտոնական տվյալներով, հարյուրավոր զոհված խաղաղ բնակիչների մարմիններ։ Այդ բնակավայրերից Բուչան դարձել է ամենահայտնին։ Meduza-ն հոդված է հրապարակել, որում hավաքված են տարբեր լրատվամիջոցների հրապարակած վկայություններն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել նշված բնակավայրերում։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Ապրիլի 4-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտարարել է, որ «ամենավատ իրավիճակը Բորոդյանկայի զոհերի հետ կապված իրավիճակն է»՝ Կևի մարզի ևս մի քաղաքի, որտեղից հեռացել են ռուսական զորքերը։ Այս տեքստը գրելու պահին Վենեդիկտովան մանրամասներ չի ներկայացրել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ապրիլի 4-ին այցելել է Բուչա և լրագրողներին հայտարարել, որ խաղաղ բնակիչների սպանություններից հետո Ռուսաստանի հետ խոսելը «շատ դժվար է», այդ պատճառով էլ Ռուսաստանը չպետք է ձգձգի բանակցությունները․ «Շատ դժվար է խոսել, երբ տեսնում ես այն, ինչ նրանք այստեղ արել են։ Ամեն օր, հասկանո՞ւմ եք, մարդիկ են հայտնաբերվում տակառներում, մառաններում և այլն՝ խեղդամահ և տանջամահ արված։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ եթե [նրանք] մտածելու [օրգան] ունեն, պետք է արագ մտածեն»։

Ապրիլի 3-4-ին լրագրողները հրապարակել են Բուչայի բնակիչների բազմաթիվ պատմություններ, որոնք տեղի են ունեցել ռուսական օկուպացիայի ժամանակ, ինչպես նաև ցուցադրել են նոր սարսափազդու կադրեր զոհվածների մասին։ Դրանց թվում են ճանապարհների երթևեկելի հատվածներում այրված մարմինների վկայությունները, որոնք, ենթադրաբար, պատկանում են երեխաներով ընտանիքի, և մարմինների լուսանկարները, որոնք հայտնաբերվել են Բուչայի մանկական ճամբարի նկուղում։ Ինչպես հաղորդել է Sky News-ն, այնտեղ եղել է հինգ մարդու մարմին, նրանցից չորսի ձեռքերը՝ մեջքի հետևում կապված։ Մահվանից առաջ նրանց կտտանքների են ենթարկել, հաղորդել է ուկրաինական իշխանությունը։

Այդ վկայությունների մի մասն իր յութուբյան ալիքում հրապարակել է լրագրող Դենիս Կազանսկին։ Նրա տեսանյութում նաև ցանկապատ է երևում, որի վրա գրված է․ «Գնդակահարություն՝ V արգելված գոտին հատելու դեպքում»։

Բանավոր վկայությունների մեծ մասը վերաբերում է սպանություններին, որոնք, տեղացիների պնդմամբ, կատարվել են ռուսաստանցի զինվորականների կողմից։ ՌԴ պաշտպանության նախարարությունը, սակայն, պնդում է, որ օկուպացիայի ընթացքում Բուչայում բռնի գործողություններից չի տուժել տեղի ոչ մի բնակիչ։

Բուչայի բնակիչ Տատյանա Վլադիմիրովնան Reuters-ին ասել է, որ ռուսաստանցի զինվորականները (նրա խոսքով՝ Չեչնիայից) տեղավորվել են բազմաբնակարան շենքում, որտեղ ինքն ապրել է ամուսնու հետ։ Հոդվածում գրված է, որ նրանց մի քանի օր կալանքի տակ են պահել, այնուհետև կնոջը բաց են թողել։ Նրա ամուսինն անհետացել է, իսկ մի քանի օրից կինը գտել է ամուսնու խոշտանգված մարմինը նկուղում՝ աստիճանների տակ։

69-ամյա Վլադիմիր Կոպաչովը պատմել է, որ ռուսաստանցի զինվորականները սպանել են իր դստերը, նրա զուգընկերոջն ու ընկերոջը։ Նրա խոսքով՝ սպանում էին բոլորին, ովքեր փողոց էին դուրս գալիս։ 76-ամյա Անտոնինա Պոմազանկոն, որի մասին գրել է The New York Times-ն ու պատմել Դենիս Կազանկին, իր 56-ամյա դստեր՝ Տատյանայի մարմինը թաղել է իր տան բակում։ Տատյանան մոտեցել է դարպասներին, երբ քաղաքով անցնելիս են եղել ռուսական տանկերը՝ կարծելով, թե ուկրաինացիներն են։ Կնոջ խոսքով՝ ռուսաստանցիները կրակ են բացել։

Սերգեյ Կապլիչնին, որը, դատելով լրատվամիջոցների հրապարակումներից, հուղարկավորման ծառայություններ է մատուցում Բուչայում, The New York Times-ին պատմել է, որ մեկնել է քաղաքից մարտի 10-ին։ Մինչ այդ, նա գերեզմանոցում հուղարկավորել է 57 մահացածի, որոնցից 15-ն են մահացել բնական պատճառներով, մյուսները՝ հրազենային վիրավորումից և շրապնելի (արկի տեսակ – խմբ․) պայթյունից։ Մեկնելուց առաջ Կապլիչնին պայմանավորվել է, որ եկեղեցու մոտ եղբայրական գերեզման փորվի։ Մինչ Կապլիչնին քաղաքում չի եղել, դրանում թաղվել է 40 մարմին։ Ապրիլի 3-ին քաղաք վերադառնալով՝ նա հավաքել է շուրջ 30 մարմին, այդ թվում՝ ձեռքերը կապված և գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 13 տղամարդու դի։

Սգո ծառայության աշխատակիցը, որը Կապլիչնիի հետ միասին է աշխատում, «Суспiльне», հեռուստաալիքին պատմել է, որ «այդ օրերին» գործընկերների հետ հավաքել են 330-340 մարմին, բայց «դա դեռ ամենը չէ»։

The New York Times-ի հոդվածում տարբեր վկայություններ կան այն մասին, թե ինչպես են իրենց դրսևորել ռուսաստանցի զինվորականները։ Թոշակի անցած 60-ամյա ուսուցչուհին ասել է, որ նրանք տեղացիներին օգնել են ծանրոցները տեղ հասցնել, իսկ 45-ամյա քանդակագործը պատմել է, որ իրեն երկու օր պահել են՝ սյանը գամված, և ծեծել։ Ռուսաստանիները փորձել են նրանցից իմանալ, թե որտեղ են ուկրաինացի զինվորականները։

Ուկրաինական «ՆՎ» պարբերականը հրապարակել է Բուչայի հեռավոր թաղամասերից մեկի բնակչի պատմությունը, որը պատերազմի մեծ մասը մոր հետ անցկացրել է նկուղում, իսկ 20-ին՝ տարհանվել հարևանների հետ միասին։ Նրա խոսքով՝ մարդկանց մահվան մասին հաղորդագրությունների քանակն աճել է հենց վերջին օրերին՝ ռուսական զորքերի հեռանալուց առաջ։ ««Ջուր են տարել՝ գնդակահարել են», «ուտելիք են պատրաստել բակում՝ գնդակահարել են», «փողոցում են տեսել՝ գնդկահարել են»։ Ռուսաստանցիները գազանաբար էին իրենց պահում վերջին օրերին։ Ասում են՝ մարտի 25-ին նոր ռոտացիա է եղել։ Եկել են ու այսպես դուրս եկել», — նրա խոսքերն է մեջբերում պարբերականը (պաշտոնական տվյալներ այն մասին, թե արդյոք նման ռոտացիա եղել է, դեռ չկան)»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել