Պատժամիջոցներ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և դստեր նկատմամբ, նոր ներդրումների արգելք․ ԱՄՆ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
19:50 - 06 ապրիլի, 2022

Պատժամիջոցներ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և դստեր նկատմամբ, նոր ներդրումների արգելք․ ԱՄՆ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները

Միացյալ Նահանգները G7-ի և Եվրամիության հետ կշարունակի պարտադրել Պուտինի ռեժիմին վճարել «իր վայրագությունների համար» Ուկրաինայում, այդ թվում՝ Բուչայում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տունը։

«Մենք կփաստագրենք այս վայրագությունների վերաբերյալ տեղեկությունները, կկիսվենք դրանցով, ինչպես նաև կօգտագործենք համապատասխան բոլոր մեխանիզմները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Որպես այս ջանքերի մի մաս Միացյալ Նահանգները հայտարարում է Ռուսաստանում նոր ներդրումները արգելելու համար կործանարար տնտեսական միջոցների, Ռուսաստանի խոշորագույն բանկի և ՌԴ մի քանի ամենակարևոր պետական ձեռնարկությունների, ինչպես նաև պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների դեմ ամենախիստ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ասվում է, որ ԱՄՆ-ն և ավելի քան 30 դաշնակիցներ ու գործընկերներ ամբողջ աշխարհում պատմության մեջ ամենաազդեցիկ, համակարգված և լայնածավալ տնտեսական սահմանափակումներն են սահմանել․ «Փորձագետները կանխատեսում են, որ այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի մինչև 15 տոկոսով՝ վերացնելով վերջին տասնհինգ տարվա տնտեսական ձեռքբերումները: Գնաճն արդեն իսկ բարձրանում է 15 տոկոսից և կանխատեսվում է ավելի բարձր արագացում»։

«Մասնավոր հատվածի ավելի քան 600 ընկերություն արդեն լքել է ռուսական շուկան։ Ռուսաստանում մատակարարումների շղթաները լրջորեն խաթարվել են։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի խոշոր տնտեսության իր կարգավիճակը և կշարունակի երկար իջնել դեպի տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական մեկուսացում»։

Նշվում է, որ անցյալ տարվա համեմատ՝ ԱՄՆ-ից դեպի Ռուսաստան այն ապրանքների արտահանումը, որոնք ենթակա են արտահանման նոր կանոնին, ըստ արժեքի նվազել են 99 տոկոսով, և այդ սահմանափակումների հզորությունը ժամանակի ընթացքում կավելանա, քանի որ «Ռուսաստանը հանում է որոշ ինքնաթիռների, տանկերի պահեստամասերի մնացած պաշարները եւ այլ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են Պուտինի «ռազմական մեքենայի» համար։ Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր դաժան հարձակումը Ուկրաինայի վրա, մենք միասնական կլինենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին պարտադրելու վճարել իր գործողությունների համար»։ 

Այսօր Միացյալ Նահանգները հայտարարել է հետևյալ պատժամիջոցների մասին.

Ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ «Սբերբանկ»-ի և Ռուսաստանի ամենամեծ մասնավոր բանկի՝ «Ալֆա Բանկ»-ի նկատմամբ

«Այս գործողությունը կսառեցնի «Սբերբանկ»-ի և «Ալֆա Բանկ»-ի ցանկացած ակտիվ, որն առնչություն ունի ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ և կարգելի ԱՄՆ քաղաքացիներին բիզնես վարել նրանց հետ: «Սբերբանկ»-ը տիրապետում է Ռուսաստանի բանկային հատվածի ընդհանուր ակտիվների գրեթե մեկ երրորդին և համակարգային առումով կարևոր է Ռուսաստանի տնտեսության համար: «Ալֆա Բանկ»-ը Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ֆինանսական հաստատությունն է և ՌԴ չորրորդ խոշորագույն ֆինանսական հաստատությունն ընդհանուր առմամբ»։

Ռուսաստանի Դաշնությունում նոր ներդրումների արգելք

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի նոր հրաման, որով կարգելվի ԱՄՆ քաղաքացիների նոր ներդրումներ կատարելը, որտեղ էլ որ նրանք գտնվեն․ սա Ռուսաստանին ավելի կմեկուսացնի համաշխարհային տնտեսությունից: Այս գործողությունը հիմնված է ավելի քան 600 միջազգային ձեռնարկությունների՝ Ռուսաստանից դուրս գալու որոշման հիման վրա։ Այս հրամանը կերաշխավորի Ռուսաստանի Դաշնության գլոբալ մրցունակության կայուն թուլացումը»։

Ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ ռուսական կարևորագույն պետական ձեռնարկությունների նկատմամբ

«ԱՄՆ ցանկացած քաղացու արգելվելու է գործարքներ կնքել այս կազմակերպությունների հետ և սառեցվելու է ԱՄՆ իրավասությանը ենթակա նրանց ցանկացած ակտիվ: Ֆինանսների նախարարությունը նշյալ կազմակերպությունները կներկայացնի վաղը»։

Ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ Ռուսաստանի վերնախավի և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ներառյալ նախագահ Պուտինի չափահաս երեխաների, արտգործնախարար Լավրովի կնոջ և դստեր, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Միխայիլ Միշուստինի նկատմամբ

«Այդ անհատները հարստացել են ռուս ժողովրդի հաշվին։ Նրանցից ոմանք պատասխանատու են Պուտինին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար, որն անհրաժեշտ էր Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելիս: Այս գործողությունը նրանց կտրում է ԱՄՆ ֆինանսական համակարգից և սառեցնում է ԱՄՆ-ում նրանց ունեցած ցանկացած ակտիվ»։

ԱՄՆ իրավասությանը ենթակա միջոցներով պարտքի վճարումների արգելք

«Ներկայումս պատժամիջոցներն չեն բացառում ռուսական սուվերեն պարտքի վճարումները այն պայմանով, որ Ռուսաստանը օգտագործի ԱՄՆ իրավասությունից դուրս գտնվող կապիտալը: Այնուամենայնիվ, Ռուսաստանը համաշխարհային ֆինանսական առումով մերժված է, և նա այժմ պետք է ընտրություն կատարի իր հասանելի միջոցներով պարտքի վճարման և դեֆոլտի միջև»։

Մարդասիրական գործունեության համար կարևոր ոլորտներին աջակցելու պարտավորություն

«Մինչ մենք շարունակում ենք ուժեղացնել մեր պատժամիջոցներն ու այլ տնտեսական արգելքները Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեմ նրա դաժան պատերազմի համար, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ իրականացնելու հիմնական մարդասիրական և հարակից գործողությունները, որոնք օգուտ են բերում ռուս ժողովրդին և ամբողջ աշխարհի մարդկանց․․․Ամերիկյան և արևմտյան ընկերությունները կարող են շարունակել գործունեությունը Ռուսաստանում այս ոլորտներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել