«Գյուղացին ստիպված է լքել իր տնամերձ հողամասը և գնալ արտագնա աշխատանքի»․ եղիպատրուշացիները կրկին բողոքի ակցիա իրականացրին
17:28 - 07 ապրիլի, 2022

«Գյուղացին ստիպված է լքել իր տնամերձ հողամասը և գնալ արտագնա աշխատանքի»․ եղիպատրուշացիները կրկին բողոքի ակցիա իրականացրին

ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մի խումբ բնակիչներ այսօր բողոքի ակցիա իրականացրին կառավարության դիմաց՝ ընդդեմ գործադիրի անցած տարվա որոշման, որով հանրային գերակա շահ են ճանաչվել գյուղացիներին պատկանող հողամասերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անցած տարի կառավարությունը հավանություն էր տվել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին, որով նախատեսվում էր Ապարան համայնքի տարածքում լեռնային հանգստավայր կառուցել։ Ավելի ուշ գործադիրը այդ տարածքների նկատմամբ հանրային գերակա շահ էր ճանաչել։ Այս տարածքների մեջ էին մտնում նաև Եղիպատրուշ գյուղի բնակիչների սեփականություն համարվող վարելահողերը և տնամերձ հողամասերը։ Եղիպատրուշ գյուղի բնակիչները գրավոր դիմել էին Էկոնոմիկայի նախարարությանը՝ նշելով, որ այս թեմայով հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև իրենց մտահագությունն էին հայտնել հողամասերից զրկվելու առնչությամբ։

Այսօրվա ակցիայի մասնակից Արա Հովհաննիսյանը, որ Եղիպատրուշ գյուղում հողամասեր ունի, ասաց՝  հանգստյան գոտի կառուցելու մտադրությունը գյուղացիների շահերից չի բխում․ «30 և ավելի տարիներ մենք ազգային իշխանություն չենք ունեցել, որ զբաղվի գյուղացու հոգսերով, գյուղի պրոբլեմներով։ Այդ կուտը, որ հերթական անգամ տվել են, որ սարքելու են տուրիստական գոտի, դա բացարձակ գյուղացու շահերից չի բխում, և տնամերձ հողամասերը օտարելը, գերակա շահ ճանաչելը  վնաս կբերի գյուղին, հերթական անգամ գյուղացին ստիպված է լքել իր հազար մետր տնամերձ հողամասը և գնալ արտագնա աշխատանքի, որը ներկա պայմաններում ցանկալի չէ։ Թող կուտ չտան, որ աշխատատեղով կապահովեն։ Ենթադրենք 30 հոգի ստրուկի նման օրավարձով աշխատեցին, հարստացրին էդ կազմակերպության տերերին, գյուղացին դրանից ի՞նչ է օգտվելու»։

Ակցիայի մեկնարկից քիչ հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը ընդունեց ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Հանդիպմանը մասնակցած Սամվել Մաթևոսյանը մեր զրույցում հայտնեց, որ վարչապետի օգնականին հստակ ներկայացրել են իրավիճակը, և մինչև հաջորդ հինգշաբթի սպասելու են պատասխանի․ «Մեր պահանջները բարձրացրել ենք, ասեցին՝ կքննարկենք վարչապետի հետ, կտեսնենք՝ ով է զբաղվելու ձեր հարցով, ձեզ կզգուշացնենք։ Մենք հստակ ամեն ինչը բացատրել ենք, էդ կեղծիքների մասին ասել ենք։ Մենք հստակեցրել ենք՝ եթե մինչև եկող հինգշաբթի մեր հարցի պատասխանը չեղավ, մենք ավելի հուժկու քայլերի ենք գնալու»։

Նշենք, որ մարտի 28-ին Եղիպատրուշի բնակիչները նույն պահանջով ակցիա էին իրականացրել Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել