Բախվելով այն հեռանկարին, որ պատերազմն Ուկրաինայում տևական է լինելու՝ ՆԱՏՕ-ի երկրները տարակարծիք են, թե ինչպես կառավարել հակամարտության հետագա փուլն ու անորոշության գալիք շրջանը, գրում է The New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․
«Արևմտյան բարձրաստիճան երկու պաշտոնյաների պնդմամբ՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներն, օրինակ՝ Լեհաստանն ու Բալթյան երկրներն, ուզում են ամբողջությամբ խզել կապերը Մոսկվայի հետ և միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանին ծնկի բերելու։ Նրանք անհանգստացած են, որ այն, ինչ Ռուսաստանը կարող է ներկայացնել որպես հաղթանակ, կարող է լուրջ վնաս հասցնել եվրոպական անվտանգությանը։
Մյուս երկրները կարծում են, որ Ռուսաստանին հնարավոր չէ հեշտությամբ ենթարկեցնել, և պատերազմի ելքն, ըստ ամենայնի, տհաճ է լինելու․ հրադադարն ավելի շփոթեցնող է լինելու, քան շռնդալից հաղթանակը։ Նշված պաշտոնյաների խոսքով՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի պես երկրներն ուզում են պահպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները՝ չնայած ռուսական զորքերի ռազմական հանցանքների համար մեղադրանքներին։
ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները […] մի բանի շուրջ համակարծիք են․ պատերազմի ավարտը դեռ հեռու է․ […] չնայած որ ռուսական զորքերը լքել են մայրաքաղաք Կիևին հարող շրջանները՝ դրանք դանդաղ և վայրագ կերպով առաջ են շարժվում դեպի Ուկրաինայի արևելք։
«Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայում իր նկրտումներից։ Այժմ մենք տեսնում ենք զորքերի զգալի նահանջ Կիևից՝ վերախմբավորման, վերազինման և պահուստները լրացնելու նպատակով։ Եվ նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են արևելքի վրա», - այս շաբաթ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ռուսաստանը փորձելու է գրավել ողջ Դոնբասն ու ցամաքային հաղորդակցության ուղի բացել դեպի օկուպացված Ղրիմ։ Սա պատերազմի վճռորոշ փուլն է», - նշել է նա։
Ի պատասխան Բուչայում հայտնաբերված դիերի հետ կապված իրավիճակին՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը նոր պատժամիջոցներ են նախապատրասում Ռուսաստանի դեմ, սակայն սպասելիքները քիչ են, որ դրանք կարագացնեն պատերազմի ավարտի ազդադարումը։
Թե ինչով, ի վերջո, կավարտվի պատերազմը, կարևոր հարց է ոչ միայն Ուկրաինայի, այլև [Հյուսիսատլանտյան] դաշինքի համար։
ԱՄՆ պաշտոնյաները թերահավատորեն են վերաբերում նրան, որ Ռուսաստանը պատրաստ է իրական զիջումների գնալ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններում, թեև չեն բացառում այդ հավանականությունն ու ցանկանում են ապահովել Կիևի ամուր դիրքերը բանակցություններում։
Որոշ երկրներ՝ հատկապես Կենտրոնական Եվրոպայում, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, մտահոգ են, որ ցանկացած ռուսական էքսպանսիա Ուկրաինայի տարածքում, առավելևս՝ Ռուսաստանի հաղթանակը, կխրախուսի Պուտինին, կխաթարի եվրոպական անվտանգությունն ու այնպիսի արժեքներ, ինչպիսիք են միջազգային իրավունքին հավատարիմ լինելը, հարգանքն ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նրանք ուզում են Ռուսաստանին պարտված տեսնել։
Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ անգամ, եթե պատերազմն ավարտվի ռուս-ուկրաինական զորքերի միջև նոր շփման գծով, ՆԱՏՕ-ն ձգտում է աշխատել Կիևի հետ՝ Ուկրաինան Ռուսաստանի համար դժվարամարս պատառ դարձնելու համար։ Էությունն այն է, որ պետք է ուկրաինացիներին այնպես զինել և մարզել, որ Պուտինի մտքով չանցնի կրկնել իր փորձը»։
Նորա Վանյան
comment.count (0)