Գլխավոր լուսանկարը՝ ՈւՆԻԱՆ-ի
Դոնեցկի մարզի Կրամատորսկ երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել, որի հետևանքով, այս պահի տվյալներով, 30 զոհ և 100 վիրավոր կա, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ուկրզալիզնիցա» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսանդր Կամիշինը։
«Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա երկու հրթիռ է արձակվել։ Տուժածներ կան», - նշել է նա։
Դոնեցկի շրջանի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ կայարանին հարվածները հասցվել են «Իսկանդերի» հրթիռներով, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդմամբ՝ հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով։
«Ոստիկաններն ու փրկարարները, որոնք տեղում աշխատում են, հաղորդում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին», - ասել է Պավել Կիրիլենկոն՝ նշելով, որ հրթիռային հարվածի պահին կայարանում հազարավոր մարդիկ են եղել, քանի որ Դոնբասի բնակիչների տարհանում էր տեղի ունենում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնաշենկովը հայտնել է, որ Դոնեցկի շրջանում» ոչնչացվել է ուկրաինական զորքերի պահուստների սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Կոնաշենկովը Կրամատորսկի կայարանի մասին ոչինչ չի ասել, սակայն նշել է, որ «օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով» հարվածներ են հասցվել Դոնեցկի շրջանի Պոկրովսկ, Սլավյանսկ և Բարվենկովո երկաթուղային կայարաններին։
Ինքնահռչակ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Կրամատորսի կայարանին հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով՝ նշելով, որ Ռուսաստանի և ինքնահռչակ ԼԺՀ, ԴԺՀ «զինանոցում նման համալիր չկա, սակայն այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինական բանակի կողմից»։
Նորա Վանյան
comment.count (0)