Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ներառում են ածխի ներկրման արգելք
14:56 - 08 ապրիլի, 2022

Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ներառում են ածխի ներկրման արգելք

Եվրամիությունն այսօր ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներառում է, այդ թվում, ածխի, փայտանյութի, քիմիկատների ներկրման արգելք, գրում է Reuters-ը։

«Այս պատժամիջոցներն ընդունվել են՝ ի պատասխան այն վայրագությունների, որոնք ռուսական զինված ուժերը կատարել են Բուչայում և ռուսական օկուպացիայի տակ եղած մյուս բնակավայրերում», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Կրեմլի պնդմամբ՝ Բուչայի դեպքերը «բեմադրված են»՝ ռուսական բանակին զրպարտելու համար։

Նոր պատժամիջոցները սահմանափակում են նաև ռուսական նավերի և բեռնատարների մուտքը ԵՄ, արգելում ռուսական չորս բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ բանկի հետ գործարքները։

Ռուսական ածխի ներկրման արգելքն ուժի մեջ է մտնում օգոստոսի երկրորդ շաբաթից։ Որևէ նոր պայմանագիր չի կարող ստորագրվել այսօրվանից, երբ ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների ցանկը։

Առկա պայմանագրերը պետք է խզվեն մինչև օգոստոսի երկրորդ շաբաթը, իսկ մինչ այդ Ռուսաստանը շարունակելու է ԵՄ-ից վճարումներ ստանալ ածխի համար։

Ածխից բացի արգելվում է նաև այլ ապրանքների և սննդամթերքի ներկրումը Ռուսաստանից, այդ թվում՝ փայտանյութի, ցեմենտի, պարարտանյութերի, ձկնկիթի և օղու, որոնց ընդհանուր արժեքը կազմում է տարեկան 5,5 մլրդ եվրո ($5,9 մլրդ)։

Եվրամիությունը սահմանափակել է նաև մի շարք արտադրանքի արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ ռեակտիվ շարժիչների վառելիքի, քվանտային համակարգիչների, բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման, տրանսպորտային սարքավորումների։

Բացի դրանից, ևս 217 անձ կներառվի ԵՄ «սև ցուցակում», ԵՄ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, կարգելվի այդ անձանց մուտքը ԵՄ երկրներ։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել