Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
 |hetq.am|
14:30 - 11 ապրիլի, 2022

Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:

Փոփոխություններով առաջարկվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով:

Նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ում խոսքով նախագիծն ամբողջովին բխում է կառավարության ծրագրից, նաև՝ իշխող քաղաքական ուժի նախընտրական խոստումներից՝ որքան հնարավոր է սահմանափակել կամ դժվարացնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և քաղաքացիների` դրանց հասանելիությունը:

«Բազմաթիվ դեպքեր են մեզ հայտնի դարձել, որ այդ «թակարդի» մեջ են հայտնվում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ: Սոցիալապես ապահով մարդու խաղալը մեզ համար խնդրահարույց չէ, որովհետև կարող է իր ժամանցի համար իր իսկ ստացած գումարների մի մասը ծախսել, մենք էդտեղ խնդիր չենք տեսնում, բայց եթե քաղաքացին օրինակ սոցիալապես անապահով է, պետությունից նպաստ է ստանում, նվազագույն աշխատավարձ, ու միևնույն ժամանակ իր ստացած եկամուտների մեծ մասն ուղղում է բուքմեյքերական գրասենյակներում խաղալուն, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- ասաց Պապոյանը:

Գևորգ Պապոյանի համոզմամբ` պետությունը որոշակի գործիքակազմ կիրառելով պետք է միջամտի, և այդ տրամաբանության շրջանակում է նախագիծը կազմվել: Ըստ նրա` փոփոխությունները նպատակ ունեն ավելի թափանցիկ դարձնել ոլորտը, այսինքն, որպեսզի տեսանելի լինի` ով է խաղում, որքան է խաղում, ինչը հնարավորություն է տալու հետագայում որոշակի քաղաքականություն իրականացնել:

«Մարդիկ կան, որոնք որոշակի գումար են ստանում, որը չի հաշվառվում որևէ կերպ, օրինակ՝ տաքսու վարորդները, գյուղմթերքի առևտուր իրականացնողները, կարող է ստացվել դեպք, որ էդ քաղաքացին առավոտից երեկո աշխատում է, բայց գնա ու ամբողջ գումարը պարտվի բուքմեյքերական գրասենյակում, ու որևէ սահմանափակում չկա: Փոփոխություններից հետո նվազագույնը պետք է բանկային հաշիվ բացի, գումար գցի, իսկ իրենց մեծ մասը ԴԱՀԿ-ում խնդիր ունեն, ստացվում է` չի կարողանալու խաղալ. արդեն իսկ մեծ խնդիր լուծում է»,- ասաց Գևորգ Պապոյանը:

Նախագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ում խոսքով գործադիրի մոտեցումները համահունչ են առաջարկվող կարգավորումներին: Փոխնախարարը հիշեցրեց, որ անկանխիկ գործառնությունների մասին օրենքը նախորդ տարի է ընդունվել, հետևաբար, տնտեսությունը պետք է գնա այն ճանապարհով, որ քիչ կանխիկով ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն, ուստի նախագիծը համահունչ է այդ ընթացքին:

«Մենք չէին գնա այս ճանապարհով, եթե ֆինանսապես գրագետ լինեին ու խաղային էն մարդիկ, ովքեր հասկանում են, որ պարտվելու համար են խաղում, բայց ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, որ ամբողջ գովազդային դաշտը հաղթելու, մեծ շահումներ տանելու մասին է, իսկ խաղացողները խաղում են վատ օրից, դրան հասնելու նպատակով: Հետևաբար, բանկային համակարգ տեղափոխելը կբերի նրան, որ իրենք արդեն ֆինանսապես ավելի գրագետ կլինեն և կհասկանան բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր է՝ ֆինանսապես կրեն»,- ասաց ֆինանսների փոխնախարարը:

Հայրապետյանը կարևորեց նախագծով առաջարկվող փոփոխությունները փողերի լվացման տեսանկյունից, ըստ նրա, եթե այդ գումարները բանկային համակարգով շրջանառվեն,  հավանականությունը փոքր է, որ փողերի լվացման ռիսկեր կպարունակեն իրենց մեջ:

«Միակ բացառությունը, որ կարելի է թույլատրել, կենդանի խաղի ժամանակ ոչ ռեզիդենտների կողմից խաղատանը խաղադրույքների գնման դեպքերը պետք է լինեն, մնացած դեպքերում անկանխիկ գործառնություններով հնարավոր է այդ խաղերը կազմակերպել»,- ասաց նա:

Փոխնախարարն ուշադրություն հրավիրեց գովազդային դաշտին, գովազդում են մեքենաներ, բարձր շահումային ֆոնդեր, այսինքն՝ ոգևորում են շահումը, սակայն, ըստ միջազգային ուսումնասիրությունների, խաղի մեջ երկար ժամանակ մնացողը պարտված է:

«Հավանականությունը, որ երկար խաղի մեջ մնաս, շահած դուրս կգաս, չկա, կարող է՝ մի անգամ խաղաս, շահես, բայց էդ պահին պետք է դուրս գաս, շահողին պետք է շուտ հանել համակարգից»,-ե զրափակեց  փոխնախարարը:

Նախագիծը դրվեց քվեարկության` ստանալով դրական եզրակացություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել