Բելառուսի էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Չերվյակովը «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում արևմտյան պատժամիջոցները երեկ անվանել է «տնտեսական ցեղասպանություն» և մտահոգություն հայտնել, որ դրանք կոչնչացնեն երկրի տնտեսության մի շարք առանցքային ճյուղեր, գրում է «Ինտերֆաքսը»։
«Ես սա տնտեսական ցեղասպանություն կանվանեի արևմտյան ոչ բարեկամ երկրների կողմից։ Ամբողջությամբ ոչնչացնել մի շարք ճյուղեր, որոնք առանցքային են մեր տնտեսության համար։ Սա, իհարկե, տագնապալի է», - Չերվյակովի խոսքերն է մեջբերում «Բելտան»։
Միաժամանակ, արտադրանքը, որն արտահանվում է «ոչ բարեկամ երկրների» շուկաներ, ըստ Չերվյակովի՝ բավականին մրցունակ է և գնով, և որակով։
«Հենց այդ ապրանքների պահանջարկն է այսօր աշխարհում մեծ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են աճում պարարտանյութերի գները, սննդամթերքի, քիմիական մանրաթելի, փայտանյութի և այլնի գները։ Այսինքն՝ այդ ապրանքները հեշտությամբ վաճառվում են։ Հարցը հիմա միայն այն է, որ ուրիշ շուկաներ գտնենք։ Մեր ձեռնարկությունները դրանով էլ զբաղված են», - ասել է նա։
Նշենք, որ Ուկրաինայում պատերազմ սանձազերծելու համար (ՌԴ-ն այն «հատուկ գործողություն» է անվանում) Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, ինչպես նաև Բելառուսի դեմ։
Նորա Վանյան
comment.count (0)