Առանց տանկերի և կիբերհարձակումների։ Ի՞նչ է Ռուսաստանի համար նշանակում ՏՏ ոլորտի «ուղեղների արտահոսքը»․ DW
19:20 - 11 ապրիլի, 2022

Առանց տանկերի և կիբերհարձակումների։ Ի՞նչ է Ռուսաստանի համար նշանակում ՏՏ ոլորտի «ուղեղների արտահոսքը»․ DW

Արևմուտքի պատժամիջոցները մեծապես հարվածել են Ռուսաստանի տնտեսության բարձր տեխնոլոգիական ճյուղերին։ Դրա հետևանքներից մեկը ՏՏ մասնագետների արտահոսքն է երկրից։ Deutsche Welle թերթը գրում է այն մասին, թե ինչով է դա սպառնում Ռուսաստանին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Անաստասիա Միրոլյուբովայի բիզնեսը բարգավաճում է։ Immigram հարթակի համահիմնադիրը, որն օգնում է Մեծ Բրիտանիա տեղափոխվել ցանկացող տեխնիկական մասնագետներին, ասում է, որ այդ ռեսուրսի թրաֆիկը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո ավելացել է 1000%-ով։ 2022 թ-ի առաջին եռամսյակում նոր գրանցվածների թիվը հավասար է եղել 2021 թ-ի ընդհանուր թվին։ Նոր հաճախորդների մեծ մասը ՏՏ ոլորտի մասնագետներ են, որոնք ուզում են Ռուսաստանից կամ Ուկրաինայից մեկնել, ասում է 28-ամյա կին գործարարը․ «Բիզնեսն աճում է, բայց դա այնքան տխուր է»։

Ռուսական ներխուժման պատճառով իրենց հայրենիքը լքել են միլիոնավոր ուկրաինացիներ։ Իսկ վերջին ժամանակներս Ռուսաստանը լքած տեխնիկական մասնագետների թիվն, ըստ որոշ տվյալների, տասնյակ հազարների է հասնում․ երկրի տնտեսությունը տառապում է արևմտյան պատժամիջոցների պատճառով։ Էլեկտրոնային կոմունիկացիաների ռուսական ասոցիացիայի գնահատականով՝ 2022 թ-ի փետրվարին և մարտին ՌԴ-ն լքել է 70 հազար ՏՏ մասնագետ։ Եվս 100 հազարը կարող են հեռանալ երկրից ապրիլին, կանխատեսում է կազմակերպությունը։

 

Պատժամիջոցների երկարաժամկետ վնասը

Իրավիճակը, երբ պատերազմի կամ այլ հակամարտությունների մեկնարկից հետո երկիրը լքում են կրթված մարդիկ, Ռուսաստանի համար նոր չէ, նշում է Անաստասիա Միրոլյուբովան։ «Այսօր արտագաղթողների դերում գրողների և պոետների փոխարեն համակարգչային մասնագետներն են, - ասում է նա։ - Մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանի լավագույն ուղեղները, որոնք կարող էին մասնակցել նոր տնտեսության և նորարարական տեխնոլոգիաների ստեղծմանը, մեկնում տարբեր ուղղություններով»։

Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանում տեխնիկական ընկերությունների և մասնագետների աշխատանքը շարունակ դժվարանում է Եվրամիության, ինչպես նաև ԱՄՆ և որոշ այլ երկրների սահմանած պատժամիջոցների պատճառով։ Արևմուտքը ձգտում է Ռուսաստանի համար արգելափակել կենսական կարևորության տեխնիկական բաղադրիչների՝ օրինակ՝ կիսահաղորդիչների հասանելիությունը, որոնք ներկրվում են արտասահմանից։

 

Չկան տեխնոլոգիաներ, չկան տանկեր

Ամեն ինչից զատ՝ տեխնոլոգիական պատժամիջոցներն ուղղված են ռուսական ռազմական արդյունաբերության թուլացմանը։ «Եթե ուզում եք նոր տանկեր սարքել, ձեզ պետք են միկրոչիպեր, որովհետև հաշվարկներն անում է համակարգիչը», - ասում է Բրյուսելի Bruegel վերլուծական կենտրոնի՝ առևտրի և թվային էկոնոմիկայի փորձագետ Նիկլաս Պուատիեն։

«Եթե ուզում եք բարձր ճշգրտության հրթիռներ ստեղծել, ձեզ անհրաժեշտ են չիպեր։ Ռուսաստանը մրցունակ չիպեր չի արտադրում․․․ Եթե դուք կտրված եք մատակարարումների միջազգային շղթայից, ձեր կյանքը բարդանում է», - հավելում է նա։

Ոչ միայն արևմտյան երկրներն են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Տասնյակ միջազգային ընկերություններ, այդ թվում՝ Google-ը, Apple-ը, Samsung-ը, Microsoft-ը, SAP-ն ու Meta-ն ինքնակամ սահմանափակել կամ կասեցրել են իրենց բիզնեսը ՌԴ-ում, Ուկրաինա ներխուժման պատճառով։ Մասնավորապես, ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկան Ռուսաստանում արգելափակել է իր Apple Pay վճարային ծառայությունը, իսկ նրա և Samsung-ի նոր ապրանքների վաճառքի արգելքը նշանակում է, որ երկրում արդեն հունիսին կարող են վերջանալ Այֆոններն ու Samsung սմարթֆոններն, ասված է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության զեկույցում։

 

Ռուսաստանն անհանգստացած է մասնագետների արտահոսքով

Այս փոփոխությունները մեծապես կզգան ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալները, որոնց գործունեությունը զգալիորեն դժվարացել է սահմանափակումների պատճառով։ Քանի որ IT-մասնագետները պահանջարկ են վայելում գրեթե ամենուրեք, Ռուսաստանից մեկնելու որոշումը շատերը դժվարությամբ են ընդունում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների արտագաղթի նոր միտումն անվանել է «հասարակության բնական ինքնամաքրում», որը միայն կամրապնդի այն։ Սակայն ռուսական իշխանության գործողությունները հակառակն են ապացուցում։ Մարտին Պուտինը չեղարկեց շահութահարկը ՏՏ ընկերությունների համար և երիտասարդ մասնագետներին հնարավորություն տվեց հետաձգելու ծառայությունը բանակում։ Հաղորդագրություններ կան նաև, որ տեխնիկական մասնագետներին կանգնեցնում են սահմանին, երբ նրանք փորձում են լքել Ռուսաստանը։

«Տեխնոլոգիական տերություն լինելն ուժ է։ Եթե ուզում եք գերտերություն լինել, բավական չէ ունենալ միայն նավեր և տանկեր։ Պետք է խոշոր տնտեսություն ունենալ, արտադրել բարձր դասի ապրանքներ և մյուս երկրների վրա ազդեցության լծակներ ունենալ», - ասում է փորձագետ Պուատիեն։

 

Համակարգչային ոլորտի ներուժը հարցականի տակ է

Ռուսաստանի համար, ինչպես կարծում են որոշ դիտորդներ, այլ երկրների վրա ազդեցություն գործելու միջոցներից մեկը վերջին տարիներին եղել է նրանից եկող կիբերհարձակումների վտանգը։

Տաղանդավոր մասնագետների արտահոսքը հազիվ թե նվազեցնի այդ սպառնալիքը, նշում է տնտեսագետ և տեխնոլոգիաների փորձագետ Սքոթ Մարկուսը։

«Այնպես, ինչպես Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները շատերի համար անսպասելի կերպով վերածվեցին որոշ առումով «թղթե վագրի» (չինական արտահայտություն, որը նշանակում է, որ երևույթն ավելի վտանգավոր է թվում, քան իրականում կա – խմբ․)։ Ըստ ամենայնի՝ գոնե այս պահին, նույնը կարելի է ասել նաև կիբերպատերազմներ վարելու [Ռուսաստանի] ներուժի մասին։ Քանի որ նրանք հիմա հավաքում են իրենց վերջին ռեսուրսները՝ փորձելով փրկել իրենց պատերազմն ավանդական պատկերացմամբ, ես չեմ հավատում, թե նրանք ինքնակամ զսպվածություն են ցուցաբերում [կիբերոլորտում], - ասում է փորձագետը։ - Ես պարզապես ստիպված եմ եզրակացություն անել, որ կիբերպատերազմներ վարելու նրանց հնարավորություններն այնքան մեծ չեն, որքան շատերը կարծում էին»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել