Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
16:32 - 12 ապրիլի, 2022

Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. վերջինս մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013 թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015 թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ:

Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: ​Մասնավորապես` Աղվան Հովսեփյանը, Ա. Ս.-ի հետ 2007 թ. հիմնադրելով տեխնիկական զննման գործունեություն իրականացնող «Տրանս-սիստեմ» ՍՊ ընկերությունը, իրականացրել է դրա կառավարման գործառույթները:

Աղվան Հովսեփյանը, հովանավորելով այդ ընկերությունը, իր պաշտոնի հեղինակությունն ու պաշտոնեական դիրքից բխող հնարավորություններն օգտագործելով, դիմել է ոլորտը կարգավորող նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձին, ինչի արդյունքում 2007 թ. հիշյալ ընկերությանը տրամադրվել է համապատասխան լիցենզիա:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը որոշել է ընկերության մասնակիցների շրջանակը, շահույթի բաշխման կարգն ու չափերը: Ընդ որում` Աղվան Հովսեփյանի որոշմամբ նշված բիզնեսում ներգրավվել են նաև նրա հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակիցներ, իսկ 2015 թ.-ից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել նրա որդին` Նարեկ Հովսեփյանը։

Բացի այդ, 2008 թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015 թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի անվադողեր: ​

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված ևս երկու ընկերությունների կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» և «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ:

Վերը նշված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 788 մլն ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Աղվան Հովսեփյանը նշված գումարով 2009-2015 թթ. վերանորոգել և կառուցել է առանձնատուն, որի պատկանելությունը թաքցնելու համար նախ այն հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, այնուհետև` 2015 թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի ձևական պայմանագրով, Նարեկ Հովսեփյանը ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ արժեք ունեցող վերոհիշյալ առանձնատունը 90 մլն ՀՀ դրամով իբր վաճառել է մորը՝ Աստղիկ Հովսեփյանին:

Այդ կերպ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված 788 մլն ՀՀ դրամը: Քրեական գործով հիմնավորվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացված ևս 55 մլն ՀՀ դրամով 2009-2011 թթ. ընթացքում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում վերանորոգել է բնակարաններ, գնել ավտոտնակ, որոնց պատկանելությունը թաքցնելու և անօրինական ծագումը խեղաթյուրելու նպատակով դրանք գրանցել է այլ անձանց անուններով` այդպիսով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարը:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, մտադրվելով իրեն պատկանող առանձնատան հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում կառուցել և շահագործել փոքր ՀԷԿ, 2010 թ. հոկտեմբերին իր մտերիմ, նույն համայնքի նախկին ղեկավար Հ. Ա.-ին համոզելու եղանակով դրդել է ձևական աճուրդի կազմակերմամբ ապահովել 27.796 հա ընդհանուր մակերեսով 10 հողատարածքների սեփականության իրավունքով վաճառքը որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ:

Այնուհետև, ապօրինի օտարված հողամասերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Աղվան Հովսեփյանը դրանք ձևական առուվաճառքի պայմանագրերով ձևակերպել է նախ իր ազգականի անունով, իսկ 2017 թ. դարձյալ ձևական կնքված նվիրատվության պայմանագրով` նույն հողատարածքները նվիրաբերել որդուն:

Նշված եղանակով Աղվան Հովսեփյանն օրինականացրել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 27.796 հա մակերեսով հողամասերը: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը, նախկին «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ սեփականատեր Վ. Ղ.-ից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրեական գործերի առկայության մասին, ծառայության գծով հովանավորչության համար 2011 թ. ընթացքում նրանից որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով` վերը նշված ընկերության շուրջ 206 մլն ՀՀ դրամ արժողությամբ 50 հատ բաժնետոմսերը, որոնք ստացել է նույն թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրով իր որդուն` Արմեն Հովսեփյանին նվիրաբերելու եղանակով: Այնուհետև Աղվան Հովսեփյանը, անօրինական ճանապարհով ստացված բաժնետոմսերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, հորդորել է Վ. Ղ.-ին հիշյալ բաժնետոմսերը ընկերության մյուս 50 բաժնետոմսերի հետ վաճառել մեկ այլ ընկերության:

Բաժնետոմսերի վաճառքից ստացված` Աղվան Հովսեփյանի մասնաբաժինը կազմող գումարի մի մասը փոխանցվել է որդու անվամբ բացված հաշվեհամարին և այն ձևակերպվել որպես ավանդ, որի տոկոսային եկամուտը 2014-2017 թթ. ընդհանուր կազմել է ավելի քան 31 մլն ՀՀ դրամ:

Արդյունքում՝ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 237 մլն ՀՀ դրամը: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Վ. Ղ.-ին փաստացի պատկանող ավելի քան 672 մլն ՀՀ դրամ արժողությամբ 3,0078 հա հողատարածքը Աղվան Հովսեփյանի առաջարկով ձևակերպվել է «Տիգրան Մեծ» ՓԲԸ հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի անվամբ` որպես Ղարիբյան եղբայրների միջև առկա գույքային տարաձայնությունները հարթելու երաշխիք, որից հետո Աղվան Հովսեփյանը Վրեժ Մարկոսյանին դրդել է վերջինիս վստահված վերոհիշյալ հողատարածքը նվիրատվության պայմանագրով գրանցել Նարեկ Հովսեփյանի անվամբ:

Արդյունքում Աղվան Հովսեփյանի դրդմամբ Վ. Մարկոսյանն անհատույց օտարման եղանակով Վ. Ղ.-ին փաստացի պատկանող հողատարածքը վատնման եղանակով` նվիրատվության պայմանագրով 2017 թ. գրանցել է Աղվան Հովսեփյանի որդու անվամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը), 190-րդ հոդվածի (փողերի լվացում) 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով : Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

​Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել