ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտը կախված է մարտերի ինտենսիվությունից
17:38 - 12 ապրիլի, 2022

ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտը կախված է մարտերի ինտենսիվությունից

Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտի ժամկետները կախված են մարտերի ինտենսիվությունից, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես հաճախ եմ լսում հարցեր՝ իսկ չի՞ կարելի արագացնել։ Կարելի է։ Դա կախված է մարտական գործողությունների ինտենսիվությունից, իսկ մարտական գործողությունների ինտենսիվությունը, ցավոք, այսպես թե այնպես, կապված է կորուստների հետ», - ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա հավելել է․ «Մեր խնդիրը բոլոր սահմանված նպատակներին հասնելն է՝ նվազագույնի հասցնելով այդ կորուստները։ Եվ մենք գործելու ենք ռիթմիկ, հանգիստ, պլանի համաձայն, որն ի սկզբանե առաջարկել է Գլխավոր շտաբը»։

Նա նշել է, որ Ուկրաինայի «որոշ շրջաններում գործողությունները կապված են եղել միայն ուժերը զսպելուն, հարված հասցնելուն և ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելուն»։

«Ես ուշադիր հետևում եմ քննարկումներին, որոնք ընթանում են մեր հասարակությունում, արտասահմանում։ Մենք ոչինչ չպետք է փակ պահենք հասարակությունից, ոչինչ չպետք է թաքցնենք, բայց պետք է օբյեկտիվորեն լուսաբանենք այդ աշխատանքը, մարտական աշխատանքը», - ասել է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել