Լուկաշենկոն Բուչայի դեպքերի համար մեղադրել է «անգլիացիներին»
18:06 - 12 ապրիլի, 2022

Լուկաշենկոն Բուչայի դեպքերի համար մեղադրել է «անգլիացիներին»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած դեպքերին Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին, գրում է «Ինտերֆաքսը»։

«Մենք այսօր մանրամասն քննարկել ենք նրանց այդ հոգեբանական հատուկ գործողությունը, որն իրականացրել են անգլիացիները», - ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Եթե ձեզնից որևէ մեկին պետք են հասցեներ, ծածկագրեր, մասնակցություն, ավտոմեքենաների համարանիշներ, ավտոմեքենաների մակնիշներ, որոնցով Բուչա են ժամանել, և թե ինչպես են դա արել, Ռուսաստանի ԱԴԾ-ն կարող է տրամադրել այդ նյութերը։ Եթե ոչ՝ մենք կարող ենք այդ հարցում օգնել։ Մեր ռուս ընկերների հետ միասին մենք ամբողջությամբ՝ առաջինից մինչև վերջին ժամը, բացահայտել ենք Արևմուտքի այդ զազրելի, զզվելի դիրքորոշումը», - հայտարարել է Բելառուսի նախագահը։

Պուտինն էլ, իր հերթին, «ֆեյք» է անվանել Բուչայում ռուսաստանցի  զինվորականների կողմից քաղաքացիական անձանց սպանության մասին տեղեկությունները։

Պուտինի խոսքով՝ բելառուս գործընկերն իրեն փոխանցել է փաստաթղթերը։ «Այդ փաստաթղթերը փոխանցվել են ԱԴԾ-ին՝ թե ինչպես, ովքեր - նրանք համապատասխան տեղեկություններն ունեն - ինչ տրանսպորտով են ժամանել այդ բնակավայր և այդ սադրանքի կազմակերպման համար պայմաններ ստեղծել», - ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք՝ ուկրաինական Բուչա քաղաքում ապրիլի սկզբին, ուկրաինական տվյալներով, հարյուրավոր քաղաքացիական անձանց դիեր են հայտնաբերվել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը դուրս են եկել քաղաքից, և այն վերադարձել է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Ուկրաինան Բուչայի բնակիչների սպանության համար մեղադրում է Ռուսաստանին, վերջինս հերքում է իր մասնակցությունը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել