Բրյուսելում ճկունություն ենք ցուցաբերել. Փաշինյանը՝ զորքերի հայելային ետքաշման առաջարկից հրաժարվելու մասին |armenpress.am|
10:55 - 13 ապրիլի, 2022

Բրյուսելում ճկունություն ենք ցուցաբերել. Փաշինյանը՝ զորքերի հայելային ետքաշման առաջարկից հրաժարվելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում ունեցած հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց ԱԺ-ում ունեցած ելույթում:

«Այո, ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ինչ է սա նշանակում գործնականում, ինչ ժամանակացույց, ինչ ձեւաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի եւ որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր պլանների մեջ: Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաեւ դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու համար, դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ հասկանալով եւ հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները՝ եկել են այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը եւ գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլ ավելի է սրում ռիսկերը: «Այս է պատճառը, որ մենք նաեւ դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչեւ ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, եւ սկսել աշխատանքները: Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում եւ այս հենքի վրա հասնել համաձայնության Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ:

Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա, որովհետեւ վերեւում արդեն նշեցի՝ նման գործելակերպի վտանգների մասին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ Բրյուսելից հետո իր հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից: «Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել եւ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:

Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու եւ նոր նկրտումներ ձեւակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաեւ մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպես եւ ասել եմ կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել եւ Բրյուսելում ցուցաբերել այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքով տիրող անվտանգային միջավայրին»,- մանրամասնեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը նաեւ հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Արեւմտյան եւ թե մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին»,- նշեց Փաշինյանը:

Նա նշեց, որ դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, ինչպես կարելի է կռահել անվանումից, ունենալու է կրկնակի մանդատ: «Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաեւ՝ սահմաններում անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաեւ միջազգային փորձագիտական ներուժ ներգրավվել:

Տեղեկացնեմ նաեւ, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձեւաչափի եւ անհատական կազմի վրա եւ ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ եւ ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել