armenpress.am: Մենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ:
«Այդ սկզբունքները հետեւյալն են՝
- փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում,
- միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,
- միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,
- սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
- տրանսպորտային եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:
Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձեւով քննարկել ենք, եւ արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռեւս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձեւավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով եւ այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է:
Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Փաշինյանն ընդգծեց՝ այս իրավիճակում կարեւոր է արձանագրել մի շատ էական նրբություն:
«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ՀՀ վարչապետը:
comment.count (0)