Մեր երկրի պետական շահն է այն գործոնը, որը պետք է դառնա մեր մոտիվացիան բոլոր գործողություններում. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում
12:53 - 13 ապրիլի, 2022

Մեր երկրի պետական շահն է այն գործոնը, որը պետք է դառնա մեր մոտիվացիան բոլոր գործողություններում. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը, որի մի հատվածը՝ ստորև.

«2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով և մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ և միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի Պետական ինստիտուտները և պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական և ետընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաև Հայաստանի ժողովրդավարության վրա:

Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց, կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ Հայաստանի կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին և պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, ինչ կատարվում է սահմանին, այլ այն, թե ինչ կատարվում է Հանրապետության Հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում:

Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը և երբ հետահայաց վերլուծում ենք շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափախության շարժառիթ ձևակերպելու համար: Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո և գործնականում էլ դրանից առաջ, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ:

Նրանցից շատերը այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են կառավարությանը:

Ամեն դեպքում, հենց բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք մեզ կանգնեցրին աղետի առաջ: Ու նկատի ունեմ ոչ միայն ուղիղ, այլև հարակից էֆեկտները: Վերը նկարագրված անպատասխանատվության, քաղաքականացման և ընդդիմադիրացման ֆոնին է, որ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց, Հայաստանի զինված ուժերում Ադրբեջանի կողմից ձևավորված լրտեսական ցանցեր են գործել:

Սա մենք կարող ենք ասել Ազգային անվտանգության ծառայության այս պահին իրականացրած բացահայտումների վրա հիմնվելով, որոնք արդեն լրջագույն հարցեր են առաջացնում:

Բայց ակնհայտ է, որ քաղաքականացման հետևանքով բանակի շուրջ մեկուկես ամսվա կաթվածահար վիճակը 2021 թվականի փետրվար-ապրիլին ուղիղ հետևանք ունեցավ ի դեմս Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման և այդ իրադարձությունները ավելի հրատապ դարձրին բանակի բարեփոխումների օրակարգը, որի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բանակի պրոֆեսիոնալացումը, ժամկետային զինծառայության համակարգը վերափոխելով պահեստազորի պարբերական հավաքների, մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմա իրականացնում ենք եռամսյա վարժական հավաքները: Իդեալում դա մեկ մարդու կյանքում պիտի կրկնվի մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

Հարգելի գործընկերներ,

Հասկանալի է, որ ստեղծված բարդ աշխարհքաղաքական վիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի ակտիվ արտաքին քաղաքականություն և այդ ակտիվության մասին որոշակի պատկերացում տալիս է վարչապետի մակարդակով տեղի ունեցած միջազգային շփումները:

2021 թվականի ընթացքում չորս անգամ երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, չորս անգամ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, երեք անգամ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, երկու անգամ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Երկկողմ ձևաչափով հանդիպումներ եմ ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ երեք անգամ հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Այս բոլոր շփումների առանցքային և հիմնական նպատակը մեկն է. այս նոր իրադրության մեջ ավելի լավ հասկանալ ինչ է մտածում և ինչ է ուզում աշխարհը և մեր մտածածն ու ցանկացածը ավելի հասկանալի դարձնել աշխարհին, միևնույն ժամանակ մեր մտածածը և ցանկացածը առավել համահունչ դարձնել գլոբալ միտումներին, վարել հնարավորինս բալանսավորված արտաքին քաղաքականություն, վարել բալանսավորման արտաքին քաղաքականություն: Այս իմաստով կարևոր եմ համարում մեր վարած տարածաշրջանային քաղաքականությունը: Իրանի և Վրաստանի հետ մեր ավանդական ակտիվ շփումները փորձում ենք ավելի ակտիվացնել, միևնույն ժամանակ խոսակցություն սկսելով նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այստեղ, իհարկե, որևէ իլյուզիա չունենք, բայց այն, որ խոսակցությունը պետք է շարունակվի՝ իրական երկխոսություն դառնալու ձգտումով, կարծում եմ ակնհայտ է և բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից:

Պետական շահը, մեր երկրի պետական շահն է այն գործոնը, որը պետք է դառնա մեր մոտիվացիան բոլոր գործողություններում:

Հարգելի գործընկերներ,

Ելույթս ուզում եմ ավարտել մի չափազանց կարևոր արձանագրումով և ուրախությունս արտահայտել այն առիթով, որ չնայած այսպիսի դժվար ու խառնակ ժամանակներին կառավարությունը 2021 թվականին էլ չի դադարեցրել բարեփոխումների քաղաքականությունը և այս ոլորտում նույնպես ունենք տեսանելի արդյունքներ:

եր երկրի պետական շահն է այն գործոնը, որը պետք է դառնա մեր մոտիվացիան բոլոր գործողություններում, որը ոչ միայն դրական արձագանք է գտել մեր հանրության շրջանում այլև նպաստել ընդհանուր առմամբ ոստիկանության և իրավապահ համակարգի նկատմամբ վստահելիության աճին: Այս գործընթացը շարունակական է լինելու և Պարեկային ոստիկանությունը պիտի ներդրվի Հանրապետության ողջ տարածքում: Այս շաբաթ արդեն Պարեկային ոստիկանությունը մուտք կգործի Շիրակի և Լոռու մարզեր, իսկ Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի Պարեկային ոստիկանությունում աշխատանքի անցնելու հավակնորդների մրցույթը մեկնարկել է: Հիշեցնելով, որ պարեկային ոստիկան կարելի է դառնալ նաև նախկինում ոստիկանությունում ծառայած չլինելով, պոտենցիալ հավակնորդներին և հատկապես կանանց կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընդունելությանը:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով հաջորդ կարևորագույն ուղղությունը հանրակրթությունն է: Տեղյակ եք, որ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ընդունվել է Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, ինչը նշանակում է, որ պետությունը բացարձակապես նոր վերաբերմունք է ցուցաբերում մանկահասակ երեխաների կրթության նկատմամբ, չափազանց լուրջ վերաբերվելով այդ գործընթացին: Մեր ընկալումն այն է, որ մանկապարտեզը կամ նախակրթարանը այնպիսի տեղ չեն, որտեղ ծնողները ժամանակավորապես թողնում են երեխաներին: Մանկապարտեզը, նախակրթարանը այնպիսի տեղ են, որտեղ երեխաների կրթության հիմքերն են դրվում և այստեղ կոմպրոմիսների գնալը նշանակվում է առերեսվել այն փաստի հետ, որ անգրագիտությունը, որ նախորդ դարի կեսերին լքել էր մեր երկիրը, սողեսող և աննկատ վերադառնում է:

Մինչև 2026 թվականը Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը մեկնարկել է և սա ոչ միայն պիտի կրթությունն իսկապես հասանելի դարձնի մեր երկրի բոլոր երեխաներին, այլև երիտասարդ մայրիկներին աշխատաշուկան համալրելու հնարավորություն պիտի տա, հանրային, տնտեսական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություն: Կանանց հանրային, տնտեսական ակտիվացումը խթանելը մեր կարևորագույն խնդիրներից է, որովհետև կանայք մեր բնակչության մեծամասնությունն են և առանց նրանց գործուն աջակցության շատ դժվար կլինի հաղթահարել երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները:

Հանրակրթության ոլորտում հաջորդ կարևորագույն ինստիտուցիոնալ փոփոխությունը 300 դպրոցների կառուցման, հանրակրթության պետական չափորոշիչի ընդունման շարքում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն է, որը նույնպես մեկնարկել է 2021 թվականին ու պիտի լինի շարունակական: Այդ գործընթացով մենք միջնաժամկետում լուծելու ենք երկու կարևորագույն խնդիր. բացառելու ենք պատշաճ որակավորում չունեցող ուսուցիչների մուտքը դպրոց և ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացման մեխանիզմ ենք ստեղծելու: Այս գործընթացը արդեն սկսված է, և 2021 թվականին տեղի ունեցած կամավոր ատեստավորման արդյունքում շուրջ 400 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են 30-ից 50 տոկոսով:

Գիտեք, որ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը մեր երկրում 82.8 տոկոսով ավելացել է, ինչը աննախադեպ ցուցանիշ է: Բայց սա զուտ ֆինանսական ավելացում չէ, այլ գիտության ոլորտում ինստիտուցիոնալ նոր համակարգի ներդրում, որի արդյունքում գիտությունը որպես գործունեության տեսակ գրավիչ է դառնալու ոչ միայն երիտասարդների, այլև այլ՝ ոչ մասնագիտական աշխատանքով զբաղվող գիտնականների համար: Արդեն իսկ մեկնարկած բարեփոխումների արդյունքում գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 40-ից 165 տոկոսով:

Ժամանակի սղության պատճառով չեմ կարող խոսել 2021 թվականին կյանքի կոչված բոլոր բարեփոխումների մասին, բայց կարևորագույնների շարքում պիտի նշեմ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների՝ ըստ էության լիարժեք անցումը համամասնական ընտրակարգի, որը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևորագույն գործիքներից է:

Մենք շարունակում ենք հետևողական և սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ և դրա համար ձևավորում ենք ինստիտուցիոնալ նոր կառույցներ, ինչպիսին Հակակոռուպցիոն կոմիտեն է, որը ստեղծվել է 2021 թվականին, 2021 թվականից գործարկվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգի աշխատանքի գործնական փուլը, այն իմաստով, որ արդեն կոնկրետ բռնագանձման հայցեր են ներկայացվում դատարաններ: Ստեղծվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը: և կարծում եմ՝ բոլորդ եք տեսնում, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեզ համար չկան նախկիններ և ներկաներ և այս գործընթացը մենք հետևողականորեն առաջ ենք մղելու:

Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով պիտի կարևորեմ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որով ներդրվել են՝

1) համաձայնեցման վարույթը, որը թույլ է տալիս առաջադրված մեղադրանքն ընդունելու դեպքում համաձայնության գալ նշանակվող պատժի, վնասի հատուցման, հանցավոր ծագում ունեցող գույքը վերադարձնելու հարցերի շուրջ,

2) համագործակցության վարույթը, որը թույլ է տալիս բացահայտել նոր հանցանքները` մեղմ պատիժ ստանալու կամ առհասարակ պատժից ազատվելու ակնկալիքով,

3) մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը, որը հնարավորություն է տալիս իրականացնել քննություն այն դեպքերում, երբ մեղադրյալները խուսափում են դրանից և այն տանում փակուղի: Ընդունված քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվել են կալանքին այլընտրանք հանդիսացող՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները, որոնց կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հունվարի 1-ից։ Քրեական նոր օրենսգրքով էլ սահմանվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող՝ ազատության սահմանափակում պատժատեսակը, որի կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հուլիսի 1-ից։

Բայց նույնիսկ մինչև այս բոլոր նորամուծությունների ուժի մեջ մտնելը, հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է մնալ կիսադատարկ քրեակատարողական հիմնարկների երկիր: Նախորդ շաբաթ հրապարակվեց Եվրոպայի խորհրդի 2021 թվականի քրեական վիճակագրությունը:

Ըստ այդմ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36.8-ը: Սա խոսում է Հայաստանի ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի իսպառ վերացման մասին: Հատկանշական է, որ բանտային բնակչության խտության ցուցանիշով, 2021 թվականի արդյունքներով, Հայաստանը զիջում է միայն Մոնակոյին և զգալի ավելի լավ ցուցանիշներ ունի մնացած եվրոպական երկրների համեմատությամբ: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ:

Չեմ կարող չընդգծել այս ցուցանիշի քաղաքական իմաստը և սա իրոք ժողովրդավարական երկրին հատուկ և ժողովրդավարական երկրին վայել ցուցանիշ է: Ժամանակ առ ժամանակ մեր կառավարությանը մեղադրում են իբր քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ:

Պատմականորեն ապացուցված փաստ է. նման երկրներում, որտեղ հետապնդումներ կան, բանտեր բացվում են և ոչ թե փակվում: Նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են և ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք ովքեր օրենքի տառին համապատասխան պետք է բանտում լինեին, բանտում են: Սա նշանակում է, որ բոլոր նրանք ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են: և սա է Հայաստանի մասին մեր ունեցած պատկերացումը: Բայց մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հարձակումների մի քանի առանցքային դրվագներ, ներառյալ ԱԺ նախագահի դեմ տեղի ունեցած մահափորձը, մինչև օրս բացահայտված չեն, և մեր իրավապահները պիտի ամեն ինչ անեն, որ բանտերի որոշ դատարկ տեղեր գտնեն իրենց օրինական տերերին:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի հարգարժան տեղակալներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ.

Այս բոլոր փաստերից անդին, հաջողություններից ու ահնաջողություններից այնկողմ ու վեր, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման մեր մտահոգությունն է ու առավել քան սրված դարակազմիկ մարտահրավերները: Մեզնից անսովոր և գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու համար և պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել:

Բայց մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Այս նպատակի իրագործման, Խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար Կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ և բալանսավորված քաղաքականություն և մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար:

Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ և բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև:

Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ:

Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի:

Եվ համոզված եմ, մենք դա կանենք և դա է մեր պատմական առաքելությունը: Շնորհակալություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել