«Մոսկվա» հածանավի կորուստը կարող է լրջորեն թուլացնել պատերազմին մասնակցող ռուսական նավերի պաշտպանությունը․ Meduza
20:20 - 14 ապրիլի, 2022

«Մոսկվա» հածանավի կորուստը կարող է լրջորեն թուլացնել պատերազմին մասնակցող ռուսական նավերի պաշտպանությունը․ Meduza

Ռուսական «Մոսկվա» հրթիռային հածանավի՝ ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագմանի վրա ապրիլի 13-ի երեկոյան հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները հայտարարել են, որ հածանավը խոցվել է ուկրաինական արտադրության «Նեպտուն» երկու հրթիռներով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հածանավի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զինամթերքը սկսել է պայթել։ Հրդեհման պատճառը ՊՆ-ն չի նշել՝ ընդգծելով միայն, որ այն «պարզվում է»։ Meduza առցանց պարբերականը գրում է ռուսական նավատորմի համար նավի նշանակության և դրա կորստի դեպքում հնարավոր հետևանքների մասին․

«Այն մասին, որ «Մոսկվա» հածանավին հրթիռային հարվածներ են հասցվել, երեկ Մոսկվայի ժամով 21:00-ին ֆեյսբուքում գրել է լրագրող Սերժ Մարկոն։ Ավելի ուշ այդ մասին հայտնել են նաև «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրներն Ուկրաինայի հետախուզությունում և Օդեսայի շրջանային ռազմական աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք նշել են, որ, անգամ եթե հաջողվի մարել հածանավի հրդեհը, «մոտակա մեկ տարում այն մարտունակ չի լինի»։

Ապրիլի լույս 14-ի գիշերը հածանավի վրա բռնկված հրդեհի մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Հաղորդագրությունում նշվում էր, որ հրդեհի պատճառով հածանավի վրա պայթել է զինամթերքը։ «Նավը լրջորեն վնասվել է։ Անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է», - հայտարարել է նախարարությունը։ Այս ձևակերպումը նշանակում է, որ հածանավը, հնարավոր է, շարքից դուրս է եկել, քանի որ անձնակազմի պարտականություններն են նավի մարտունակության պահպանումը մինչև այն պահը, քանի դեռ այն կարելի է փրկել։

Ապրիլի 14-ի ցերեկը ՊՆ-ն հայտարարել է, որ «Մոսկվա» հածանավի հրդեհման օջախը մեկուսացվել է, զինամթերքի պայթյունները դադարել են, «Մոսկվայի» հիմնական հրթիռային սպառազինությունը չի վնասվել։ «Մոսկվա» հածանավը պահպանում է լողունակությունը, այն պատրաստվում են տեղափոխել նավահանգիստ, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Ուկրաինայի Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչներն, իրենց հերթին, պնդում են, որ հածանավը կրած վնասների պատճառով «սկսել է խորտակվել»՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Այն, թե արդյոք միջադեպի հետևանքով տուժածներ կամ զոհեր կան, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում։ Նավի վրա ընդհանուր առմամբ կարող էր գտնվել անձնազմի 680 անդամ։ Ընդ որում, տարբեր տարիներին ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, հածանավի անձնակազմն ունի 416 կամ 510 անդամ։

Թե Սև ծովի հստակ որ մասում է եղել հածանավը դեպքի պահին, հայտնի չէ։ «Ազատություն ռադիոկայանի» տվյալներով՝ դեռևս ապրիլի 10-ին նավը Սևաստոպոլում է եղել։ ՌԴ ՊՆ-ն և ռուսական լրատվական գործակալությունները նավի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չեն հաղորդում։ «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրները հայտնում են, որ հածանավը հրդեհվել է «Զմեինի կղզուց մոտ 20 ծովային մղոն» հեռավորության վրա, որտեղ այդ պահին ուժեղ փոթորիկ է եղել։ Նրան, որ «Մոսկվա» հածանավը մասնակցել է Օդեսայի շրջանի Զմեինի կղզու մոտ տեղի ունեցած գործողությանն, ու հենց նրա հետ է կապված «Ռուսական ռազմանավ, գրողի ծոցը գնա» արտահայտությունն, ուկրաինական կողմն աանձնահատուկ ուշադրություն է դարձնում։

Ինչո՞վ է սպառնում «Մոսկվայի» կորուստը

Հածանավի խնդիրներից մեկը հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունն է՝ ի շահ նավատորմի բոլոր ուժերի․ նավի վրա տեղակայված են «Ֆորտ» Ս-300 ՀՕՊ  հեռահար  համալիրներ։

«Մոսկվայի» մարտունակության կորուստը կարող է լրջորեն թուլացնել նավատորմի՝ ուկրաինական պատերազմին մասնակցող ուժերի պաշտպանությունն օդային գրոհներից։ Հավանաբար, «Մոսկվան» իր դասի մարտունակ նավերից միակն է (կա նաև «Վարյագը»՝ Խաղաղօվիանոսյան նավատորմում և «Մարշալ Ուստինովը»՝ Հյուսիսայինում), որն արդիականացման ժամանակ նոր ռադարներ չի ստացել, որոնք կարող են արդյունավետորեն նկատել «Նեպտուն» հականավային հրթիռի պես ցածր թռչող թիրախները։

«Մոսկվայի» ջրածավալը կազմում է 9800–11 300 տոննա։ Եթե հածանավը չհաջողվի փրկել, դա կլինի աշխարհի նավատորմների ամենախոշոր մարտական կորուստը 1982 թ-ից ի վեր։

 

Ի՞նչ է հայտնի Սևծովյան նավատորմի ֆլագմանի մասին

ՌԴ ՊՆ կայքի համաձայն՝ «Մոսկվա» հրթիռային հածանավը կառուցվել է 1976 թ-ին Ուկրաինայի Նիկոլաևի՝ 61 կոմունարների անվան նավաշինական գործարանում  և սկզբից կոչվում էր «Սլավա»։ Յոթ տարուց նավը ներառվել է  նավատորմի կազմում։ Հածանավը դարձել է խորհրդային հրթիռային հածանավերի նախագծի գլխավոր նավը, որոնց հիմնական խնդիրը հակառակորդի վերջրյա նավերի գրոհն է եղել հականավային հրթիռների միջոցով։

1990-ականներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սևծովյան նավատորմի բաժանման ընթացքում նավը ստացել է Ռուսաստանը։ Կիևին բաժին է հասել նույն դասի «Ուկրաինա» անավարտ հածանավը, որը մինչ օրս Նիկոլաևի նավաշինարանում է, և, հնարավոր է, հրետակոծվել է ռուսական հրետանու կողմից 2022 թ-ի մարտին։

«Մոսկվան» Ռուսաստանի Սևծովյան նավատորմին փոխանցվելուց հետո երկու անգամ արդիականացվել է (վերջին անգամ՝ 2020 թ-ին, այն ժամանակ զինվորականները հայտարարել էին, որ թարմացված հածանավը կարող է ծառայել մինչև 2040 թ-ը)։ Արդիականացումից հետո «Մոսկվայի» հիմնական սպառազինությունը «Վուլկան» հականավային հրթիռների 16 գործարկիչներն են։

1989 թ-ին նավատորմի անձնակազմը մասնակցել է ԽՍՀՄ և ԱՄՆ առաջնորդներ Միխայիլ Գորբաչովի և Ջորջ Բուշ ավագի՝ Մալթայում կայացած հանդիպման ուղեկցմանը։ 1999 թ-ին արդեն «Մոսկվա» անվան տակ հածանավն ուղարկվել է Սևծովյան նավատորմի գլխավոր բազա՝ Սևաստոպոլ։

2008-ին «Մոսկվան» մասնակցել է Հարավային Օսիայի շուրջ զինված հակամարտությանն, իսկ 2015–2016 թթ-ին՝ հակաօդային պաշտպանություն իրականացրել Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազայի ծովային ուղղությամբ»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել